Կանադայի հավաքականը չի մասնակցի 2020 թվականի ամռանը Տոկիոյում տեղի ունենալիք ամառային Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգել Օլիմպիական խաղերի անցկացումը:
«Խոսքը ոչ միայն մարզիկների, այլեւ միլիոնավոր մարդկանց առողջության մասին է: Մենք պետք է մարդկային կյանքերը վեր դասենք ամեն ինչից և հետաձգենք Խաղերի անցկացումը»,- ասված է ԿԱՕԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը շատ բարդ գործընթաց է և այն չի լինի արդար որոշում:
Շատ մարզիկների կարծիքով՝ մարզումային գործընթացն արդեն խաթարվել է։ Տարբերակներից մեկը Խաղերը աշնանն անցկացնելն է։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում