17:21  ,  2 մարտի, 2020

Մխիթարյան. Բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանցիներից

Ռուս հայտնի վիդեոբլոգեր Եվգենի Սավինի «КраСава» հաղորդման հերթական թողարկումը նվիրված է իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Եվգենի Սավինի հետ զրույցում 31-ամյա կիսապաշտպանն անդրադարձել է իր կարիերայի կարևորագույն դրվագներին, խոսել հայկական ֆուտբոլում առկա խնդիրների, ադրբեջանցիներից ստացած սպառնալիքների, Յուրգեն Կլոպի հետ հարաբերությունների, նաև «Մանչեսթեր Յունայթեդում» Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի մասին:
 
«Հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրն այն է, որ ֆուտբոլիստները չեն ցանկանում սովորել: Ֆուտբոլիստները ծույլ են, մարզիչները ևս: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, չեմ ցանկանում որևէ մեկին քննադատել: Եվրոպայում և Հայաստանում մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն աշխատանքի մասին: 15 տարեկանում աշխատեցի առաջին 20 դոլարը, հետո 40, 80, 120: Ես երբեք չեմ դժգոհել և շարունակել եմ աշխատել: Աշխատեք և հաճույք կստանաք:
 
Բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանցիներից: Ինձ սպառնացել են Ֆեսյբուքում, Ինստագրամում, սակայն ուշադրություն չեմ դարձրել այդ ամենին: Ես հպարտ եմ, որ հայ եմ»,- ասել է Մխիթարյանը:
 
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտ է ունեցել ԶԼՄ-ների պատճառով: 
 
«Մի առավոտ Մոուրինյոն եկավ և ասաց, որ իմ պատճառով իրեն մամուլը քննադատում է: Ես պատասխանեցի, որ հատուկ ոչինչ չեմ անում, որպեսզի իմ պատճառով նա քննադատության արժանանա: 
 
«Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու տարիներին շաբաթվա առնվազն 3 օրը պապարացիների ուշադրության կենտրոնում էի: Նրանք նկարում էին ամեն ինչ, ակադեմիա ժամանելը, դուրս գալը, ֆիքսում էին ամեն ինչ: 
 
Մոուրինյոն իմ կարիերայի ամենաբարդ մարզիչն է եղել: Բնավորությամբ նա հաղթող է: Մոուրինյոն ցանկանում է, որ դու հաղթես և անես այն, ինչ նա պահանջում է քեզանից: Բոլորի համար էլ դժվար է եղել Մոուրինյոյի հետ աշխատանքը, եղել են տարաձայնություններ և կոնֆլիկտներ, սակայն այդ ամենը չի ազդել մեր լավ աշխատանքի և նվաճած 3 գավաթներ վրա:
 
«Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին սկսեցի մտածել այն ժամանակ, երբ մի խաղից հետո Մոուրինյոն դժգոհեց իմ աշխատանքից: Ես մտածեցի, որ աշխատում եմ, պրեսինգի եմ դիմում, օգնում եմ թիմին, գոլեր եմ խփում և ինչ-որ մեկը դժգոհ է: Այդ ժամանակ հասկացա, որ այլևս անելիք չունեմ Մանչեսթերում»,- ասել է հայ կիսապաշտպանը:
 
Մխիթարյանը պատմել է, որ ծանոթության հենց առաջին օրվանից հրաշալի հարաբերություններ է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: 
 
«Կլոպը մեր առաջին հանդիպման ժամանակ գրկել էր ինձ և ասում էր, որ բաց չի թողնի, քանի դեռ պայմանագիր չեմ կնքել «Բորուսիայի» հետ: Կլոպն ինձ խնդրեց խոստանալ, որ կվերադառնամ Դորտմունդ: Նա ինձ համար եղել է եղբոր ու հոր պես: «Բորուսիա» տեղափոխվելուց հետո սկսեցի հասկանալ ֆուտբոլը»,- ասել է Մխիթարյանը:
 
Հայկական ֆուտբոլի առաջատարը նաև նշել է, որ Դոնեցկի «Շախտյորում» խաղալու տարիներին հնարավորություն է ունեցել պայմանագիր կնքել Մոսկվայի «Սպարտակի» և Մախաչկալայի «Անժիի» հետ:
 
«Երբ խաղում էի «Շախտյորում», վստահ էի, որ հանդես եմ գալիս ԱՊՀ-ի ամենահզոր թիմում: Ես ցանկանում էի տեղափոխվել Եվրոպա և ուժերս փորձել եվրոպական ֆուտբոլում և հենց այդ պատճառով մերժել եմ «Սպարտակին»: 
 
Ինչ վերաբերում է «Անժիին», ապա այդ թիմն ինձ աստղաբաշխական աշխատավարձ էր առաջարկում, սակայն ես ունեի երազանք և գնացի իմ երազանքի հետևից: Այդ ժամանակ «Անժիի» առաջատար Սամուել Էտո՛Օ-ն ստանում էր տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ: Ինձ առաջարկել էին մի փոքր ավելի քիչ»,- նշել է Մխիթարյանը:
 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում