13:09  ,  24 փետրվարի, 2020

Ֆոնսեկա․ Կցանկանայի, որ Սմոլինգն ու Մխիթարյանը մնային «Ռոմայում»

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ցանկություն է հայտնել հաջորդ մրցաշրջանում էլ թիմում տեսնել անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգին եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Երկուսն էլ հանդես են գալիս վարձակալությամբ։

«Սմոլինգը գերազանց մարդ է, անհավանական պրոֆեսիոնալ։ Նա շատ հեշտ հարմարվեց իտալական ֆուտբոլին։ Նրան բոլորը սիրում են «Ռոմայում», քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ նա մնար։ Զրուցում ենք այդ թեմայով։ Նա շատ կարեւոր է մեր թիմի համար։

Մխիթարյանը վնասվածքներ ունեցավ, բայց հիմա վերադառնում է եւ ապացուցում իր վարպետությունը։ Նա խաղադաշտում գերազանց որոշումներ ընդունող խաղացող է։ Կցանկանայի, որ նա էլ մնար»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է skysports.com-ը։

Սմոլինգի տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը նրա համար պահանջում է 20 միլիոն եվրո։ Մխիթարյանի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալինն» է, որը հրաժարվել է 10 միլիոն եվրոյով վաճառել նրան «Ռոմային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում