01:00  ,  13 փետրվարի, 2020

Թուրք ըմբիշը պարգեւատրման արարողության ժամանակ չկանգնեց Արթուր Ալեքսանյանի կողքին (ֆոտո)

Թուրք ըմբիշը պարգեւատրման արարողության ժամանակ չկանգնեց Արթուր Ալեքսանյանի կողքին ընդհանուր լուսանկարվելու համար:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում 97 կգ քաշայինների եզրափակիչով ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը:

1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակից թուրք Ջենք Իլդեմը պարգեւատրման արարողության ժամանակ աչքի ընկավ հերթական ոչ սպորտային պահվածքով: Մեդալների հանձնումից եւ Հայաստանի հիմնը հնչելուց հետո թուրք ըմբիշը ընդհանուր լուսանկարվելու ժամանակ բրոնզե մեդալակիր Ալեքսանդր Գոլովինի հետ տեղերով փոխվեց, որպեսզի չկանգնի Արթուր Ալեքսանյանի կողքին: Ջենք Իլդեմը նվաճեց բրոնզե մեդալ:

Ալեքսանյանը Իլդեմին 1/8 եզրափակիչում հաղթել էր 7:1 հաշվով: Գոտեմարտի ընթացքում թուրք ըմբիշը պարբերաբար հրահրում եւ գլխով հարվածում էր Արթուրին, ինչի պատճառով մրցավարը նկատողություն էր տվել եւ երկու միավոր ավելացրել օլիմպիական չեմպիոնի օգտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում