20:56  ,  4 փետրվարի, 2020

«Ուրարտուն» հայտարարել է նոր ձեռքբերման մասին

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տոբոևը Կազանի «Ռուբինի» սան է, հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիայում», Խաբարովսկի ԲՄԱ-ում։

2015/16 թթ մրցաշրջանում հանդիսացել է Երևանի «Միկայի» ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 14 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ։ Տոբոևը հանդես է եկել նաև վրացական «Գուրիայի» կազմում։

2017/18 թթ. մրցաշրջանը 24-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է Մոսկվայի «Արարատում»։  Անցկացրած 25 խաղերի ընթացքում Տոբոևը 8 գոլ է խփել։ 2018/19 մրցաշրջանում Տոբոևը վերադարձել է Վլադիկավկազի «Ալանիա»։

Վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում Տոբոևն անցկացրել է 6 հանդիպում։ 

«Տպավորություններս դրական են։ Ֆուտբոլային աճ գրանցելու համար այստեղ կատարյալ պայմաններ են ստեղծված։ Ուրախ եմ, որ նման թիմի անդամ եմ դարձել։ Տղաներից ոմանց ճանաչում էի, անգամ ընկերներ ունեմ, որոնք այստեղ են խաղում։ Դրական մթնոլորտ է թիմում։ Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Թայմուրազ Տոբոևը «Ուրարատուում» հանդես կգա 17 համարի համազգեստով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում