21:09  ,  3 փետրվարի, 2020

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել 26-ամյա  բրազիլացի եզրային պաշտպան Էբերտ Կարդոսոյի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կարդոսոն բրազիլական «Ինտերնասիոնալի» սան է, հանդես է եկել նաև ուկրաինական «Ստալում»։

Վերջին մրցաշրջանն Էբերտն անցկացրել է Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնությունում։ Պլովդիվի «Բոտևի» կազմում բրազիլացի ֆուտբոլիստն անցկացրել է 31 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։

«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Գիտեմ, որ սա Հայաստանի ամենամեծ ակումբներից մեկն է։ Անհամաբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին, որպեսզի կարողանամ օգնել թիմին հասնել առաջադրված նպատակներին»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 15-րդ տուրից հետո «Ուրարտուն» մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է՝ 17 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում