14:24  ,  21 հունվարի, 2020

Գվարդիոլա․ Հանդիպումների մեծ քանակի հետեւանքով են ֆուտբոլիստները վնասվածքներ ստանում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հորդորել է կրճատել հանդիպումների քանակն Անգլիայում։

«Հանդիպումների մեծ քանակի հետեւանքով են ֆուտբոլիստները վնասվածքներ ստանում։ Ես զարմացած չեմ։ Շատ ցավում եմ Քեյնի եւ Ռեշֆորդի համար։ Ֆուտբոլային իշխանությունները պետք է մտածեն այս մասին։

Ներքին մրցաշարերից մեկը պետք է վերացնել։ Կկրճատվի հանդիպումների քանակը, կբարձրանա որակը։ Մարդիկ կարող են որոշ ժամանակ ապրել նաեւ առանց ֆուտբոլի։ Մենք խաղում ենք երկու օրվա տարբերությամբ, խաղացողները տուժում են, մարզիչները բողոքում են, իսկ ղեկավարությունը չի արձագանքում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Հունվարի 21-ին Անգլիայի առաջնությունում կմեկնարկի 24-րդ տուրը։ «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Շեֆիլդ Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում