09:09  ,  18 հունվարի, 2020

Անդրե Կալիսիրն՝ ընտանիքի, «Գյոտեբորգի», Հայաստանի հավաքականի և երկրպագուների մասին (ֆոտո)

2018 թվականի հունիսին Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշեց շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը, որն ազգային հավաքականի կազմում 8 հանդիպման է մասնակցել:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 29-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր ընտանիքի, ակումբային կարիերայի, Հայաստանի հավաքականի մասին և դիմել է բոլոր երկրպագուներին:

ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԵՄ «ԳՅՈՏԵԲՈՐԳՈւՄ» ԻՄ ՄՐՑԵԼՈւՅԹՆԵՐԻ ՎՐԱ

«Շվեդիայի Սուպերլիգայում մենք գրավեցինք 7-րդ տեղը, սակայն «Գյոտեբորգը» մեծ ակումբ է և ցանկանում է լինել առաջատար դիրքերում: Առաջիկա մրցաշրջանում մենք կպայքարենք հենց դրա համար: Ակումբի հետ իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ․ հունիս, և ես ամբողջովին կենտրոնացած եմ «Գյոտեբորգում» իմ մրցելույթների վրա»:

ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ

«Մեծ հաճույքով եմ ընդունել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը: Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի խաղաշապիկը հագնելը:

Մենք մոտ էինք Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելուն: Հաջորդ ընտրական մրցաշարի ժամանակ պետք է չկրկնենք սխալները: Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում շատ կարևոր է, և մենք պետք է օգտվենք ցանկացած հնարավորությունից»:

ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ ԻՄ ՀԱՐՍՏՈւԹՅՈւՆՆ Է

«Նախորդ տարվա հունիսին ես ամուսնացա: Մարտին լույս աշխարհ կգա մեր առաջնեկը: Իմ գլխավոր երկրպագուներն ընտանիքիս անդամներն են: Ծնողներս շատ հպարտ են, որ ես հանդես եմ գալիս Հայաստանի ազգային հավաքականում և հետևում են ազգային թիմի մրցելույթներին: Հայրս եղբայրներիս հետ Երևանում հետևել է Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղին: Ծնողներս նաև ստադիոնում ներկա են գտնվել Ֆինլանդիա - Հայաստան հանդիպմանը»:

ԿՈՉ ԵՐԿՐՊԱԳՈւՆԵՐԻՆ

«Շնորհակալ եմ հայ երկրպագուներին իրենց աջակցության համար: Նրանք անկրկնելի են և միշտ պատրաստ են օգնել: Շարունակեք նույն ոգով»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով