10:29  ,  3 հունվարի, 2020

Արթուր Դավթյանը՝ 2019-ի փառահեղ հաղթանակի, հայր դառնալու եւ նոր մոտիվացիայի մասին

Հենացատկի «վարպետ». այսպես են ընկերներն ու մտերիմները կոչում 27-ամյա մարզիկ, Եվրոպական խաղերի չեմպիոն եւ նորաթուխ հայրիկ Արթուր Դավթյանին:

Դեռեւս Լոնդոնի Օլիմպիական խաղերից սպորտային մարմնամարզության հենացատկում աչքի ընկավ եւ իր մասին մեծ սպորտում հայտարարեց Արթուր Դավթյանը: Նրա մասնակցութամբ մրցաշարերը, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն ամենամեծ սպասելիքներով են ընթանում: Եթե ոչ մեդալ, ապա լավագույն մասնակցությամբ ու եզրափակիչներում հայտնվելով Արթուրը մշտապես փայլում է մրցահարթակներում, մասնավորապես հենացատկում:

Արթուրը չհանձնվող տեսակներից է: Չնայած Օլիմպիական խաղերում երկու անհաջող փորձի, երիտասարդ մարմնամարզիկն առաջիկա ամիսներին պատրաստվելու է Տոկիո-2020-ին, որի ուղեգիրն առաջինն է նվաճել Հայաստանի մարզիկներից։ Նա առաջին մարմնամարզիկն է Հայաստանի պատմության մեջ, որ երեք Օլիմպիական խաղեր անընդմեջ մասնակցության իրավունք է ձեռք բերում:

Դեպի Տոկիո, այս անգամ հստակ նպատակով եւ միայն մեդալի ակնկալիքով: Իսկ մինչ այդ հանդիպում եւ զրույց NEWS.am Sport-ի թղթակցի հետ ավարտված մրցաշրջանի, ձախողված Եվրոպայի առաջնության, Եվրոպական խաղերում փառահեղ հաղթանակի, հայր դառնալու եւ նոր մոտիվացիայի մասին:

Արթուր, 2019-ը Եվրոպական խաղերի չեմպիոնությամբ, օլիմպիական ուղեգրով ու արդեն ծնողի կարգավիճակում. սա ա՞յն էր, ինչ դու ուզում էիր:

Այո. որոշ բացթողումներ եղան, իհարկե: Հագեցած տարի էր՝ հաջող եւ անհաջող մրցելույթներով: Առաջին պաշտոնական մրցաշարը Եվրոպայի առաջնությունն էր, որին ես այդքան էլ հաջող չմասնակցեցի: Հենացատկում եզրափակիչ դուրս չեկա: Բազմամարտում 9-րդն էի: Հաջող ստացվեց Եվրոպական խաղերն ինձ համար. դարձա չեմպիոն: Շատ լավ արդյունք գրանցեցի եւ իսկապես շատ ուրախացա, որ ոսկե մեդալ նվաճեցի:

Աշխարհի առաջնությունում մեդալ չնվաճեցի, բայց անվանական օլիմպիական ուղեգիր նվաճեցի: Իմ գլխավոր նպատակն այս տարի հենց դա էր, որին հասա: Ամեն դեպքում համարում եմ ինձ համար հաջողված տարի Եվրոպական խաղերի չեմպիոնությամբ եւ օլիմպիական ուղեգրով:

Ուզում եմ նշել նաեւ, որ տարին հաջող էր ոչ միայն իմ համար, այլ նաեւ մեր հավաքականի համար: Շատ ուրախ եմ, որ 2019թ․ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց Վահագն Դավթյանը, բոլորիս շատ ուրախացրեց նաեւ Արթուր Ավետիսյանը Համաշխարհային ուսանողական խաղերում չեմպիոնի տիտղոսը նվաճելով: Վահագն Դավթյանը փայլուն հանդես եկավ նաեւ Եվրոպական խաղերում եւ դարձավ փոխչեմպիոն օղակների վարժությունում:

Արթուր, Տոկիո-2020-ը քո երրորդ Օլիմպիական խաղերն են: Հիշո՞ւմ ես նախկին երկու Խաղերում քո մասնակցությունը:

Ուրախ եմ, որ նորից մասնակցելու իրավունք եմ ձեռք բերել: Այո, սա արդեն իմ երրորդ Խաղերն է լինելու: Կուզենամ, որ այս մասնակցությունս մեդալով լինի: Լոնդոն-2012-ին մասնակցեցի վնասվածքով: Մեդալ նվաճել չհաջողվեց, որովհետեւ վնասվածքս խանգարեց: Ռիո-2016-ում լավ չմասնակցեցի: Հենացատկում երկրորդ ցատկս լավ չստացվեց ու նորից արդյունք չունեցա: Հուսամ, Տոկիոյում լավ կմասնակցեմ, եզրափակիչ դուրս կգամ: Եզրափակիչ դուրս գալն ինձ համար հաջողություն կլինի: Դրանից հետո արդեն այնտեղ մրցահարթակը ցույց կտա:

Մարզական հաջողություններիցդ բացի, 2019 թվականը քեզ նվիրեց դուստր: Ինչպիսի՞ն են հայրական զգացողություններդ:

Անբացատրելի է. չեմ կարող բառերով նկարագրել: Մինչ այդ չէի պատկերացնում՝ երեխա ունենալն ինչ է: Աղջկաս ծնվելուց հետո միայն հասկացա:

Նրա ծնվելուց հետո ամեն ինչ փոխվել է, նույնիսկ իմ մարզական կարիերան, իմ մրցելույթները, մարզումները: Այժմ ամեն ինչ անում են նրա համար: Հանուն նրա ուզում եմ ամենալավ ձեւով մրցումներում հանդես գալ, վարժությունս կատարել, հաղթել:

Եվրոպական խաղերի ժամանակ արդեն ծնվել էր աղջիկս: Ես այնտեղ դարձա չեմպիոն: Ինձ թվում է՝ նա իր ծնունդով հաջողություն բերեց իմ կյանքում: Ես կանգնեցի մեկնարկի ու հասկացա, որ իմ առավելագույնով պիտի մասնակցեմ հանուն նրա:

Սիրո՞ւմ ես Ամանորը, ինչպե՞ս ես սիրում դիմավորել:

Շատ, իմ ամենասիրելի տոներից է: Թերեւս միակ տոնն է, որ համախմբում է բոլորին, ընտանիքի անդամներին: Փորձում եմ միշտ շատ ուրախ դիմավորել: Այս տարի Նոր Տարին առանձնահատուկ է ինձ համար, քանի որ արդեն որպես հայրիկ եմ դիմավորում: Հաջորդ տարի նրա համար ամեն ինչ ավելի հետաքրքիր կլինի: Մենք կուրախանանք նրանով այս տարի:

Ի՞նչ երազանք ունես նոր տարում:

2019 թվականի իմ ամենամեծ երազանքը երեխայիս ծնունդն էր: 2020-ի երազանքս Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է:

Անկեղծ, երազում եմ օլիմպիական մեդալ նվաճել: Նույնիսկ արդեն կարեւոր չէ գույնը: Թեկուզ, բրոնզե մեդալ նվաճեմ, ինձ համար շատ մեծ հաջողություն կլինի:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով