00:05  ,  27 դեկտեմբերի, 2019

Արագ շախմատի աշխարհի առաջնություն. Առաջին խաղային օրվա ամփոփում

Մոսկվայում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 26-ին տեղի են ունեցել առաջին 5 տուրերի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տուրում սևերով հաղթանակ է տարել ուկրաինացի Էլդար Գասանովի նկատմամբ: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է եգիպտացի Բասեմ Ամինին: Երրորդ, չորրորդ և 5-րդ տուրերում Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի գրոսմայստերներ Պավել Պոնկրատովի, Ալեքսանդր Շիմանովի և հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի հետ:

Առաջին խաղային օրվանից հետո Լևոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 3.5 միավոր և բաժանում է 15-47-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը ևս վաստակել են 3.5 միավոր: Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Մանուել Պետրոսյանը ունեն 3 միավոր, իսկ Արման Փաշիկյանը վաստակել է 2 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում