16:48  ,  3 սեպտեմբերի, 2012

Կործանիչ Սպան. Ալոնսոն ու Հեմիլթոնը «զոհերն» են

Բրիտանացի Ջենսոն Բատոնը նվաճում է բելգիական Սպան։ Այս մրցուղին, որն ամենաերկարն է Ֆորմուլա 1-ի 20 մրցուղիներից, երբեք չէր «հանձնվել» աշխարհի նախկին չեմպիոնին։ Սակայն այս տարվա Մեծ մրցանակի 12-րդ խաղարկության հմայքը Բատոնի հաղթանակը չէր, այլ հենց մեկնարկի առաջին շրջադարձին լոտուսցի Ռոմեն Գրոժանի նախաձեռնած խոշոր վթարը, որը միանգամից պայքարից դուրս թողեց աշխարհի երկու չեմպիոնի՝ Ֆերնանդո Ալոնսոյին եւ Լյուիս Հեմիլթոնին։ Ալոնսոն ընդհանուր հաշվարկի առաջատարն է եւ Սպայի վթարը կարող է թանկ նստել երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու նրա երազանքի վրա։ Լյուիս Հեմիլթոնը նույնպես պայքարում է տիտղոսի համար, սակայն նա շոշափելիորեն հետ է մնում Ալոնսոյից՝ 47 միավոր, եւ առաջիկա 8 մրցափուլերում նրա համար դժվար է լինելու հասնել առաջատարին։ Գրոժանն, իհարկե, չեմպիոնության պայքարին ներգրավված չէ։ Ավելին 6 օրից տեղի ունենալիք Մոնցայի Մեծ մրցանակը նա բաց կթողնի, ստյուարդները նրան պատժել են Սպայի վթարի համար։ Գրոժանի թիմի ղեկավարը՝ Էրիկ Բուլյեն մրցափուլից հետո հայտարարեց, որ պատիժը նրա համար դաս կլինի, «սակայն թիմը, միեւնույն է, նրա կողքին է»։

Ո՞րն էր Սպայի հիմնական ինտրիգը՝ կրկին Կիմի Ռայկոնենը։ Ավանդաբար Սպան համարվում է նրա մրցուղին։ Այստեղ նա հաղթել է 3 անգամ, եւս մեկ անգամ 2008-ին առաջին տեղի համար պայքարում հենց վերջին՝ 44-րդ շրջանին նրա բոլիդը բախվեց Հեմիլտոնի բոլիդին եւ ջախջախվեց։ Հեմիլթոնը հաղթեց, սակայն ստյուարդները նրան զրկեցին հաղթանակից, հետ մղեցին 3-րդ տեղ եւ նույն տարում նա դարձավ աշխարհի չեմպիոն։ Սպասվում էր, որ Ռայկոնենը այս անգամ եւս կհաղթի, թեպետ մեկնարկել էր երրորդ տեղից։ Եվ, իսկապես, հենց մեկնարկում նա գրոհեց եւ վերցրեց երկրորդ տեղը։ Անմիջապես հետո տեղի ունեցավ նրա թիմակցի նախաձեռնած խոշոր վթարը եւ անվտանգության մեքենան մտավ մրցուղի։ 4-րդ շրջանից հետո safety car-ը հեռացավ, որից հետո Ռայկոնենը զիջեց երկրորդ տեղը «Ֆորս Ինդիայի» առաջատար Նիկո Հյուլկենբերգին։ Ավելի ուշ Ռայկոնենը կասի, որ իր բոլիդին չէր հերիքում արագությունը հաղթելու համար։ Հյուլկենբերգը, որը մեկնարկել էր 12-րդ տեղից, չկարողացավ պահպանել երկրորդ տեղը հենց առաջին պիտ-կանգառից հետո։ Նա 44-րդ շրջանն ավարտեց 4-րդ տեղում եւ հայտարարեց, որ այն իր կարիերայի լավագույն նվաճումն է։

Սպայում անկրկնելի էր այստեղ յթ անգամ հաղթած Միխայիլ Շումախերը։ Նա մեկնարկել էր 13-րդ տեղից եւ վթարի շնորհիվ միանգամից հայտնվեց 5-րդ տեղում։ Սակայն նրա բոլիդը նույնպես արագության խնդիր ուներ եւ Միխայիլի գրաված 7-րդ տեղն, ըստ նրա, ավելին էր, քան կարելի էր սպասել բոլիդից։ 7-րդ տեղը աշխարհի 7-ակի չեմպիոնի անձնական նվաճումն էր, քանի որ նրա թիկունքում տեղեր զբաղեցրած Բրունո Սենան, Նիկո Ռոսբերգը եւ Ֆիլիպե Մասան ցույց տվեցին տարբեր շրջանների լավագույն արագությունները։ Սպան այնքան էլ տակտիկայի մրցուղի չէ, այստեղ շատ բան որոշում է զուտ արագությունը եւ անվադողերի հետ աշխատանքը։ Soft (փափուկ) անվադողերը Սպայի պահանջներին երկար դիմանալ չեն կարող, մաշվում են մի քանի շրջանից։ Ահա ինչու Pirellin Սպա բերեց կիսակոշտ (Medium) եւ կոշտ (Hard) տիպի անվադողեր։ Անվադողերն այնպիսի բան են, որ նրանց հետ նույնպես պետք է լինել ներդաշնակության մեջ։ «Ռեդ Բուլլն» ու «Մաքլարենը» ներդաշնակ են ցանկացած տիպի ակերի հետ, ահա ինչու Սպայի առաջին եւ երկրորդ տեղը վերցրեցին այս թիմերի ներկայացուցիչները։ Սպան անձնական որակներ է սիրում։ Պատահական չէ, որ առաջին երեք տեղերը զբաղեցրին աշխարհի չեմպիոններ Ջենսոն Բատոնը, Սեբաստյան Ֆետելը եւ Կիմի Ռայկոնենը։

Ընդամենը մեկ շաբաթ հետո տեղի կունենա Ֆորմուլա 1-ի «խաղ ու պարը»՝ Մոնցայի Մեծ Մրցանակի խաղարկությունը։ Ինչո՞ւ է իտալական այս մրցուղին համարվում խաղ ու պար՝ որովհետեւ այն ամենաքիչ պահանջկոտն է արգելակների հանդեպ։ Այստեղ ոտքը արագության սեղմիչից գրեթե չես պոկում։ Մոնցայում, օրինակ՝ ավտոարշավորդները պակաս լարված են եւ ավելի քիչ  կիլոգրամներ են կորցնում անկախ մրցուղու եղանակային պայմաններից՝ անձրեւ է, արեւ, ամպամած, ցուրտ, թե տոթ։ Թեպետ միշտ չէ, որ այդ մասին լուրջ են խոսում, բայց ընդունված է կարծել, որ Մոնցան հաղթահարելու համար առանձնապես պրոֆեսիոնալ լինելու կարիք չկա, թեպետ իր առաջին հաղթանակը Սեբաստյան Ֆետելն այստեղ է տարել հինգ տարի առաջ եւ Ֆորմուլա 1-ի պրոմոուտեր Բեռնի Էքլստոունը «Տորրո Ռոսոյի» ավտոարշավորդի մեջ ճանաչեց ապագա չեմպիոնին։ Սակայն Մոնցայի մարզական էֆեկտը ոչ այնքան բուն մրցուղին է, որքան մրցուղու եզրերը, այստեղ որոշ շրջադարձերին դրանք արհեստականորեն բարձրացված են եւ հենց եզրերի հետ աշխատանքի վրա է հաճախ ընկնում մրցարշավորդների կենտրոնացվածության առյուծի բաժինը։ Այնպես որ հարկ եղած դեպքում Մոնցայում էլ կարող են անակնկալներ լինել։

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս