16:12  ,  21 դեկտեմբերի, 2019

Սարգիս Ադամյանը` NEWS.am Sport-ի համար` «Բորուսիայի» դեմ հանդիպման և հիանալի մրցաշրջանի մասին (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Հոֆենհայմը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:

Դաշտի տերերին հաղթանակ պարգևեց ընդմիջմանը փոխարինման մտած Սարգիս Ադամյանը, որը դարձավ գոլի և ասիստի հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանի 12 հանդիպումներում 26-ամյա հայ հարձակվողը «Հոֆենհայմի» կազմում դարձել է 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Ադամյանը հաղթանակ դուբլ էր ձևակերպել Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում:

NEWS.am Sport-ի թղթակցին հաջողվել է բացառիկ զրույց ունենալ Բունդեսլիգան գրավող 26-ամյա ֆուտբոլիստի հետ:

«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

«Շատ ուրախ եմ, որ կարողացա նպաստել «Բորուսիայի» պես անվանի և հզոր թիմի նկատամբ հաղթանակին: Երկրորդ խաղակեսում կարողացանք բեկել անհաջող դասավորվող հանդիպման ընթացքը: Հաճելի է գոլերի և արդյունավետ փոխանցումների հեղինակ դառնալ, բայց թիմային հաջողությունն առաջին տեղում է:

Շատ հաղորդագրություններ եմ ստացել Հայաստանից: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին աջակցության համար»:

ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅՈՒՄ ՀԱՋՈՂ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հոֆենհայմում» հիանալի ֆուտբոլիստներ են հավաքվել, ունենք շատ ուժեղ մարզչական շտաբ և լավ մրցաշրջան ենք անցկացնում: Ինձ համար էլ մրցաշրջանը հաջող է դասավորվում. Հաղթական դուբլ «Բավարիայի» դարպասը, գոլ և ասիստ «Բորուսիայի» հետ խաղում: Իսկ դեռ 3 տարի առաջ ես խաղում էի Ռեգիոնալ լիգայում: Ամեն ինչ կանեմ, որպեսզի շարունակեմ նույն ոգով»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով