16:18  ,  14 մարտի, 2012

Արսեն Ջուլֆալակյան. Մրցավարական սխալները համընդհանուր էին

Այս տարի Եվրոպայի առաջնությունում մրցավարական սխալները համընդհանուր էին. կամ իրոք չեն տիրապետում մրցավարական օրենքներին կամ էլ նման կերպ նախապատրաստություն է արվում Օլիմպիական խաղերից առաջ մարզիկների մասին սխալ կարծիքներ ձեւավորելու համար: Բելգրադում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցավարության մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Արսեն Ջուլֆալակյանը:

74 քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանը Սերբիայում կայացած մրցումները որակեց «աննախադեպ»՝ կապված մրցավարական սխալների հետ:

«Այս տարի համընդհանուր վրիպումներ էին տեղի ունենում: Ցավն այն է, որ Օլիմպիական խաղերին մնացել է ընամենը 3-4 ամիս: Կամ իրոք չեն տիրապետում մրցավարական օրենքներին կամ էլ՝ նման կերպ նախապատրաստություն է արվում մարզիկների մասին սխալ կարծիքներ ձեւավորելու համար: Մեր թիմը կարծում եմ շատ լավ հանդես եկավ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմի հիմնական նպատակը պատրաստվելն էր նախաօլիմպիական վարկանիշային մրցաշարին: Հիմա ամբողջ թիմը, բացի ինձանից պատրաստվում է վարկանիշային մրցաշարին: Այս առաջնությունը կարելի է համարել անցումային, որը մենք հաջողությամբ հանձնեցինք: Եթե Ռոմանին չորակազրկեին, կպայքարեինք 2-րդ տեղի համար: Թիմում ունեինք  նորեկներ՝ Արթուր Մկրտչյան, Արամ Ջուլֆալակյան եւ Հրաչ Հովհանիսյանը: Նրանք նույնպես իրենց ուժերի ներածին չափով հանդես եկան: Ոչ ոք առանց պայքարի չպարտվեց. մեկի մոտ փորձի պակաս էր, մյուսի մոտ՝ անհաջող քայլ, բայց լավ հանդես եկան: Հաճելի է, որ նման թիմ ունենք եւ շատ լուրջ մրցակից ենք առաջատար մարզիկների համար: Այստեղ մի կարծիք էր հնչել, որ եթե Հայաստանի հավաքականը հունահռոմեական ոճում ոսկի մեդալ չբերեր, առաջնությունը կարելի է ձախողված համարել: Ուզում եմ նշել, որ ընդամենը մի քանի թիմ է ոսկի մեդալ վերցրել, այդպես օրինակ Ռուսաստանի պես գերհզոր պետությունն ընդամենը մի մեդալ է վերցրել: Ամեն դեպքում շատ բարդ առաջնություն էր Եվրոպայի առաջնությունը:
Թվում էր՝ նախաօլիմպիական էր եւ թույլ պետք է լիներ, բայց թույլ չէր, գրեթե 80 տոկոսը առաջատար մարզիկներ էին մասնակիցները»,-ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Մամուլի ասուլիսին պետք է ներկա լիներ նաեւ Ռոման Ամոյանը, սակայն հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնեց, որ Ռոմանն անտրամադիր է եղել եւ չի ցանկացել գալ: 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով