16:18 14 մարտի, 2012Այս տարի Եվրոպայի առաջնությունում մրցավարական սխալները համընդհանուր էին. կամ իրոք չեն տիրապետում մրցավարական օրենքներին կամ էլ նման կերպ նախապատրաստություն է արվում Օլիմպիական խաղերից առաջ մարզիկների մասին սխալ կարծիքներ ձեւավորելու համար: Բելգրադում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցավարության մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Արսեն Ջուլֆալակյանը:
74 քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանը Սերբիայում կայացած մրցումները որակեց «աննախադեպ»՝ կապված մրցավարական սխալների հետ:
«Այս տարի համընդհանուր վրիպումներ էին տեղի ունենում: Ցավն այն է, որ Օլիմպիական խաղերին մնացել է ընամենը 3-4 ամիս: Կամ իրոք չեն տիրապետում մրցավարական օրենքներին կամ էլ՝ նման կերպ նախապատրաստություն է արվում մարզիկների մասին սխալ կարծիքներ ձեւավորելու համար: Մեր թիմը կարծում եմ շատ լավ հանդես եկավ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմի հիմնական նպատակը պատրաստվելն էր նախաօլիմպիական վարկանիշային մրցաշարին: Հիմա ամբողջ թիմը, բացի ինձանից պատրաստվում է վարկանիշային մրցաշարին: Այս առաջնությունը կարելի է համարել անցումային, որը մենք հաջողությամբ հանձնեցինք: Եթե Ռոմանին չորակազրկեին, կպայքարեինք 2-րդ տեղի համար: Թիմում ունեինք նորեկներ՝ Արթուր Մկրտչյան, Արամ Ջուլֆալակյան եւ Հրաչ Հովհանիսյանը: Նրանք նույնպես իրենց ուժերի ներածին չափով հանդես եկան: Ոչ ոք առանց պայքարի չպարտվեց. մեկի մոտ փորձի պակաս էր, մյուսի մոտ՝ անհաջող քայլ, բայց լավ հանդես եկան: Հաճելի է, որ նման թիմ ունենք եւ շատ լուրջ մրցակից ենք առաջատար մարզիկների համար: Այստեղ մի կարծիք էր հնչել, որ եթե Հայաստանի հավաքականը հունահռոմեական ոճում ոսկի մեդալ չբերեր, առաջնությունը կարելի է ձախողված համարել: Ուզում եմ նշել, որ ընդամենը մի քանի թիմ է ոսկի մեդալ վերցրել, այդպես օրինակ Ռուսաստանի պես գերհզոր պետությունն ընդամենը մի մեդալ է վերցրել: Ամեն դեպքում շատ բարդ առաջնություն էր Եվրոպայի առաջնությունը:
Թվում էր՝ նախաօլիմպիական էր եւ թույլ պետք է լիներ, բայց թույլ չէր, գրեթե 80 տոկոսը առաջատար մարզիկներ էին մասնակիցները»,-ասաց Արսեն Ջուլֆալակյանը:
Մամուլի ասուլիսին պետք է ներկա լիներ նաեւ Ռոման Ամոյանը, սակայն հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնեց, որ Ռոմանն անտրամադիր է եղել եւ չի ցանկացել գալ:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.