14:27  +04,  5 դեկտեմբերի, 2019

Արթուր Ալեքսանյան․ Դեռ լիարժեք չեմ մարզվում, շուտով կմիանամ թիմին ու կպատրաստվեմ Խաղերին

Վնասվածքս անցել է, բայց դեռ լիարժեք չեմ մարզվում. միայն ֆիզիկական: Շուտով կմիանամ թիմին ու կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը Ալեքսանյանը չմասնակցեց, քանի որ ազատված էր վնասվածքից հետո վերականգման փուլում:

«Մարզավիճակս նորմալ է, վերականգնվում եմ: Առայժմ լիարժեք չեմ մարզվում, միայն ֆիզիկական վարժություններ եմ կատարում: Ըմբշամարտ չեմ անում: Դեկտեմբերի 11-ից կմիանամ թիմին եւ կմասնակցեմ Ծաղկաձորի հավաքին: Հունվարին միջազգային մրցաշար ունենք Ֆրանսիայում: Եթե ամեն ինչ լավ լինի, վնասվածքս չխանգարի, փետրվարին կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը եւ դրանից հետո կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին: Խոստումներ տալ չեմ սիրում, բայց ամեն հնարավորը կանեմ, որ Տոկիոյում դառնամ կրկնակի օլիմպիական չեմպիոն»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Նա Հայաստանի առաջնության երկու օրերի ն էլ մարզադահլիճում էր, հետեւում էր գոտեմարտերին, աջակցում ընկերներին: Օլիմպիական չեմպիոնը պարգեւատրեց 87 կգ քաշայիններին․ չեմպիոնի կոչումը նվաճեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն արդեն ապահովել է օլիմպիական ուղեգիրը: Վնասվածքը ստացել էր Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ 5 փայլուն հաղթանակ տանելուց հետո հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից: Վնասվածքը թույլ չտվեց հայ ըմբիշին ավարտին հասցնել պայքարը ԱԱ-ում. բավարարվեց արծաթե մեդալով ու օլիմպիական ուղեգրով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով