Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ԱՄՆ-ում իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ռինգում: 25-ամյա բռնցքամարտիկը 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին եւ հաղթանակով մուտք գործեց պրոֆեսիոնալ բռնցքամարտ:
Արման Դարչինյանը Վիկ Դարչինյանի եղբորորդին է: Բայց ինչպես Արմանն է նշում, Վիկ Դարչինյանը դեռեւս որպես պրոմոուտեր հանդես չի գալիս, այլ միայն աջակցում է:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արման Դարչինյանը պատմել է առաջին մենամարտի, պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու ծրագրերի, սիրողական բռնցամարտից չհեռանալու եւ Վիկ Դարչինյանի աջակցության մասին:
Արման, դեռ սեպտեմբերին դու մասնակցում էիր աշխարհի առաջնությանը եւ շատ մոտ էիր մեդալին. հասար մինչեւ քառորդ եզրափակիչ: Կարճ ժամանակ անց քեզ տեսնում ենք պրոֆեսիոնալ ռինգում: Ինչպե՞ս, ինչո՞ւ եւ ե՞րբ որոշեցիր ուժերդ փորձել պրոֆեսիոնալ ռինգում:
Նպատակ վաղուց ունեի պրոֆեսիոնալում հանդես գալ: Քանի որ այժմ թույլ են տալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել նաեւ Օլիմպիական խաղերին, որոշեցի ԱՄՆ-ում առաջին մենամարտ անցկացնելու հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնել: Սա նշանակում է, որ ես չեմ հեռանում սիրողական բռնցքամարտից եւ ազգային հավաքականից: Շարունակելու եմ հավաքականում հանդես գալ եւ փորձել վարկանիշային մրցաշարերում օլիմպիական ուղեգիր նվաճել: Նպատակս Օլիմպիական խաղերին մասնակցել է եւ սիրողական բռնցքամարտում կարիերաս դեռ շարունակելու եմ:
Շատ բռնցքամարտիկների համար ԱՄՆ-ում մենամարտ ունենալը երբեմն երազանք էլ մնում է: Ինչպե՞ս քեզ հաջողվեց հենց առաջին մենամարտդ անցկացնել ԱՄՆ-ում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կենտրոնը կարելի է ասել Ամերիկան է: Ճիշտ նկատեցիք, որ այստեղ մենամարտ ունենալը շատ դժվար է: Հենց սկզբից, երբ խոսք էր գնում իմ՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու ծրագրերի մասին, ասում էի, որ առաջին մենամարտս կուզեի ԱՄՆ-ում անել: Ուզում էի Ամերիկայից սկսել: Հորեղբորս՝ Վիկ Դարչինյանի աջակցությամբ հնարավորություն ստեղծվեց առաջին մենամարտը դնել այստեղ: Աշխարհի առաջնությունից հետո եկա ԱՄՆ, սկսեցի աշխատել մարզիչ Ֆրեդի Ռոուչի մոտ:
Մենամարտ նշանակվեց «360 Promotions»-ի կողմից կազմակերպված երեկոյին: Ինձ 4 ռաունդանոց մենամարտ տվեցին: Մրցակիցս սկզբից ուրիշն էր: Նա հրաժարվեց ու մրցեցի ամերիկացու հետ: Ի դեպ՝ մրցակիցս էլ էր իր նորամուտը նշում: Շատ կարճ ժամանակում եմ պատրաստվել: Ֆիզպատրաստության փուլը Վանաձորում անցա իմ անձնական մարզիչ Բագրատ Ավոյանի հետ, իսկ այստեղ սփարինգային փուլ ունեցա 20 օր Ֆրեդի Ռոուչի հետ:
Ի՞նչ տպավորություններ ունես ամերիկյան «դպրոցից»:
Այստեղ ամեն ինչ ուրիշ է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը այլ մակարդակի վրա է: Առհասարակ ամեն ինչն է ուրիշ՝ մարզվելու պայմանները, մարզումների տակտիկան, կազմակերպված շոուներն ուղղակի աննկարագրելի են: Ես եղել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի Ռուսաստանում, բայց համեմատության եզրեր չկան:
Իսկ ինչպե՞ս էիր քեզ զգում պորֆեսիոնալ ռինգում. առաջին անգամ ու միանգամից ԱՄՆ-ում:
Ինձ լավ էի զգում: Չէի կենտրոնացել այն մտքի վրա, որ առաջին անգամ եմ մենամարտում պորֆեսիոնալում: Ինքս բնավորությամբ կռվող եմ: Մտել էի ռինգ կռվելու: Զգում էի միայն, որ մեծ թվով հանդիսատես է ինձ հետեւում եւ իրենց համար դա շոու է: Բայց ինձ այդ միտքը չէր լարում, քանի որ անկախ քեզանից ռինգում սկսում ես շոու անել քո կռվով, հաղթանակով կամ պարտությամբ: Պրոֆեսիոնալում կաշվե ձենռոցները սիրողականից փոքր են եւ ավելի հարմար. Հեշտ է ստացվում հարվածելը, շուտ է ստացվում մրցակցին նոկաուտի կամ նոկդաունի ենթարկելը: Հարվածում ես, կամ ստանում, արյուն է հոսում եւ այդ ամենն արդեն վերածվում է շոուի: Հանդիսատեսը տեսնում է ու սկսվում է «action»-ը:
Ի դեպ, շատ հայեր կային իմ մենամարտի ժամանակ եւ դահլիճից մեծ աջակցություն էի ստանում: Այստեղ էին նաեւ իմ ընկերներ, պրոֆեսիոնալ բռնցամարտիկներ Արամ Ավագյանը եւ Գոռ Երիցյանը:
Վիկ Դարչինյանն ի՞նչ գնահատական տվեց առաջին մենամարտիդ: Հնարավո՞ր է նա լինի քո պրոմոուտերը պրոֆեսիոնալում բռնցքամարտում:
Հորեղբայրս գոհ էր իմ մենամարտից: Ես պատրաստվել էի 4 ռաունդի համար, բայց ավարտեցի երկրորդում: Վիկը պրոմոուտեր չէ, բայց միշտ իմ կողքին կլինի: Թե ինչպես կլինի հետագայում, չեմ կարող ասել: Նա ամեն հարցում իմ կողքին է: Հաջորդ մենամարտս պրոֆեսիոնալում երեւի արդեն 2020-ին կլինի, քանի որ այժմ պետք է վերադառնամ Հայաստան եւ միանամ հավաքականին, որպեսզի պատրաստվենք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Հայաստանի առաջնությանը երեւի չեմ հասցնի մասնակցել, բայց ՀԱՕԿ-ի կազմակերպած մրցաշարին կմասնակցեմ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում