12:18  ,  25 հոկտեմբերի, 2019

Էդգար Ստեփանյան. Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն այլեւս չունեմ

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ոչ մի հնարավորություն այլեւս չունեմ. չստացվեց, քանի որ իմ եւ մեր երկրի ֆեդերացիայի միավորները չբավարարեցին լավագույն 24-ում հայտնվելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը:

Հոկտեմբերի 16-20-ը Էդգար Ստեփանյանը հավաքականի գլխավոր մարզիչ եւ իր անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ Հոլանդիայի Ապելդորն քաղաքում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրեց 17-րդ տեղը: Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր եւ բարձր միավորներ էր տալիս Տոկիո-2020-ի ուղեգրի համար: Հայաստանի առաջատար հեծանվորդը դեռեւս օլիմպիական մրցաշրջանի սկզբում մեծ հույսեր եւ հնարավորություններ ուներ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար, բայց այսօր, ինչպես Էդգարն է մեկնաբանում, այլեւս շանս չունի, ինչը նշանակում է՝ Տոկիոյում հեծանվային սպորտում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Էդգար, նախքան օլիմպիական ուղեգրի մասին խոսելը, ամփոփիր Եվրոպայի առաջնությունը: Ինչո՞ւ 17-րդ տեղ, ի՞նչը չբավարարեց:

Մասնակցել եմ սկրետչ մրցաձեւում: 24 մասնակցի մեջ զբաղեցրեցի 17-րդ տեղը: Մրցակցությունը շատ մեծ էր, քանի որ օլիմպիական վարկանիշային էր: Մասնակցում էին Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոնը, գործող աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները եւ շատ բարդ պայքար էր ընթանում: Իմ մասնակցության մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մասնակցեցի իմ ուժերի առավելագույն չափով, ինչին այդ պահին պատրաստ էի: Շատ կարճ ժամանակում եմ պատրաստվել: Ձեռքիս ապաքինվելուց հետո երկու շաբաթ հավաք եմ անցել Օլիմպավանում եւ մեկնել եմ մրցման: Ընդհանուր 11 օր եմ ունեցել Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար: Ինչն ինձանից էր կախված, մաքսիմում արել եմ:

Նշեցիր, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր: Ի՞նչ հնարավորություններ ունենք:

Այդ շրջանն արդեն անցել ենք... Օլիմպիական վարկանիշներ նվաճելու հնարավորություն այլեւս չկա: Այս տարվա մարտի 3-ից մեկնարկած միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանի օլիմպիական վարկանիշային մրցաշարերից շատերը բաց եմ թողել եւ էլ հնարավորություն չունեմ վարկանիշ լրացնել, քանի որ շատ հետ եմ մյուսներից: Ես այս տարի մասնակցել եմ ընդամենը 4 մրցման՝ Տուլայի, Մոսկվայի մրցաշարին, վնասվածքից հետո Եվրոպական խաղեր եւ այս Եվրոպայի առաջնությունը: Նախատեսված էր, որ այս տարի մասնակցեմ 5 վարկանիշային մրցման: Վնասվածքիս պատճառով բաց թողեցի մեկը: Ամեն դեպքում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար 5 վարկանիշային մրցումով էլ բավարար միավորներ չէի կարող հավաքել: Միայն այս տարի 30-40 վարկանիշային մրցաշար կար, չհաշված 2020 թվականի մրցումները մինչեւ Օլիմպիական խաղեր: Իսկ մենք բաց ենք թողել այդ մրցումները եւ հնարավոր չի այլեւս այդ վարկանիշները լրացնել:  

Մինչեւ այս տարվա աշխարհի առաջնությունը ես բարձր վարկանիշներ ունեի՝ լավագույն 24-ում տեղս ունեի, լավագույն 8-ում, 10-ում էլ եմ եղել: Բայց ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, այս տարվա մարտից այդ միավորները կորում էին եւ մարզիկները վերսկսում էին իրենց պայքարն արդեն օլիմպիական ուղեգիր համար: Մինչ այդ աշխարհի առաջնության մասնակցության համար էր: 

Հեծանվասպորտում օլիմպիական ուղեգիրն անվանակա՞ն է, թե՞ երկիրն է նվաճում ուղեգիրը:

Մեր մարզաձեւում ուղեգիր նվաճելը շատ բարդ էր: Երկիրն է նվաճում ուղեգիր, հետո ըստ հեծանվորդի բարձր արդյունքների մարզիկը կարող է ապահովել իր մասնակցությունը:  Բացի հեծանվորդի անհատական արդյունքներից կամ լավագույն 24-ում լինելուց, պետք է քո երկրի ֆեդերացիան եւս լինի լավագույն 24 երկրների մեջ: Անհատական ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենայի, եթե մասնակցեի, օրինակ, 30 վարկանիշային մրցումից հենց 30-ին: Եթե մեկ այլ երկիր վարկանիշային մրցաշարին մասնակցում է 3 մարզիկով ու գրավում է տարբեր տեղեր, իսկ ես միայնակ զբաղեցնում եմ 1-ին տեղը, այդ երկիրն ավելի շատ միավորներ է վաստակում, քան ես ու իմ երկիրը:

Այսինքն՝ իմ Օլիմպիական խաղեր մասնակցելու հնարավորություն կլիներ միայն այն ժամանակ, եթե ես այս տարվա մարտից մասնակցեի բոլոր վարկանիշային մրցաշարերին ու ոչ մի մրցում բաց չթողնեի, քանի որ ես Հայաստանի միակ ներկայացուցիչն եմ: Մյուս երկրները կարող են բաց թողնել մրցումներ, քանի որ մի քանի ներկայացուցիչով են. իսկ ես այդ հնարավորությունը չունեի:  Ստացվում է, որ յուրաքանչյուր երկրի 3 ներկայացուցչի արդյունքների հանրագումարով է որոշվում օլիմպիական վարկանիշները, իսկ ես մենակ էի: Ոչ մի շանս չկա մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Այսինքն՝ այլեւս վարկանիշային մրցաշարերի չե՞ս մասնակցի:

8 օրից մեկնարկում են աշխարհի գավաթի փուլերը՝ Բելառուսում, Նոր Զելանդիայում, Հոնկոնգում, տարբեր երկրներում: Ես չեմ մասնակցելու, քանի որ բավարար միավորներ չունեմ եւ  իրավունք չունեմ: Միջազգային մրցաշարեր կան, բայց դրանց էլ չեմ մասնակցելու. իմաստ չկա:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում