12:18 25 հոկտեմբերի, 2019Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ոչ մի հնարավորություն այլեւս չունեմ. չստացվեց, քանի որ իմ եւ մեր երկրի ֆեդերացիայի միավորները չբավարարեցին լավագույն 24-ում հայտնվելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը:
Հոկտեմբերի 16-20-ը Էդգար Ստեփանյանը հավաքականի գլխավոր մարզիչ եւ իր անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ Հոլանդիայի Ապելդորն քաղաքում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրեց 17-րդ տեղը: Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր եւ բարձր միավորներ էր տալիս Տոկիո-2020-ի ուղեգրի համար: Հայաստանի առաջատար հեծանվորդը դեռեւս օլիմպիական մրցաշրջանի սկզբում մեծ հույսեր եւ հնարավորություններ ուներ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար, բայց այսօր, ինչպես Էդգարն է մեկնաբանում, այլեւս շանս չունի, ինչը նշանակում է՝ Տոկիոյում հեծանվային սպորտում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Էդգար, նախքան օլիմպիական ուղեգրի մասին խոսելը, ամփոփիր Եվրոպայի առաջնությունը: Ինչո՞ւ 17-րդ տեղ, ի՞նչը չբավարարեց:
Մասնակցել եմ սկրետչ մրցաձեւում: 24 մասնակցի մեջ զբաղեցրեցի 17-րդ տեղը: Մրցակցությունը շատ մեծ էր, քանի որ օլիմպիական վարկանիշային էր: Մասնակցում էին Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոնը, գործող աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները եւ շատ բարդ պայքար էր ընթանում: Իմ մասնակցության մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մասնակցեցի իմ ուժերի առավելագույն չափով, ինչին այդ պահին պատրաստ էի: Շատ կարճ ժամանակում եմ պատրաստվել: Ձեռքիս ապաքինվելուց հետո երկու շաբաթ հավաք եմ անցել Օլիմպավանում եւ մեկնել եմ մրցման: Ընդհանուր 11 օր եմ ունեցել Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար: Ինչն ինձանից էր կախված, մաքսիմում արել եմ:
Նշեցիր, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր: Ի՞նչ հնարավորություններ ունենք:
Այդ շրջանն արդեն անցել ենք... Օլիմպիական վարկանիշներ նվաճելու հնարավորություն այլեւս չկա: Այս տարվա մարտի 3-ից մեկնարկած միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանի օլիմպիական վարկանիշային մրցաշարերից շատերը բաց եմ թողել եւ էլ հնարավորություն չունեմ վարկանիշ լրացնել, քանի որ շատ հետ եմ մյուսներից: Ես այս տարի մասնակցել եմ ընդամենը 4 մրցման՝ Տուլայի, Մոսկվայի մրցաշարին, վնասվածքից հետո Եվրոպական խաղեր եւ այս Եվրոպայի առաջնությունը: Նախատեսված էր, որ այս տարի մասնակցեմ 5 վարկանիշային մրցման: Վնասվածքիս պատճառով բաց թողեցի մեկը: Ամեն դեպքում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար 5 վարկանիշային մրցումով էլ բավարար միավորներ չէի կարող հավաքել: Միայն այս տարի 30-40 վարկանիշային մրցաշար կար, չհաշված 2020 թվականի մրցումները մինչեւ Օլիմպիական խաղեր: Իսկ մենք բաց ենք թողել այդ մրցումները եւ հնարավոր չի այլեւս այդ վարկանիշները լրացնել:
Մինչեւ այս տարվա աշխարհի առաջնությունը ես բարձր վարկանիշներ ունեի՝ լավագույն 24-ում տեղս ունեի, լավագույն 8-ում, 10-ում էլ եմ եղել: Բայց ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, այս տարվա մարտից այդ միավորները կորում էին եւ մարզիկները վերսկսում էին իրենց պայքարն արդեն օլիմպիական ուղեգիր համար: Մինչ այդ աշխարհի առաջնության մասնակցության համար էր:
Հեծանվասպորտում օլիմպիական ուղեգիրն անվանակա՞ն է, թե՞ երկիրն է նվաճում ուղեգիրը:
Մեր մարզաձեւում ուղեգիր նվաճելը շատ բարդ էր: Երկիրն է նվաճում ուղեգիր, հետո ըստ հեծանվորդի բարձր արդյունքների մարզիկը կարող է ապահովել իր մասնակցությունը: Բացի հեծանվորդի անհատական արդյունքներից կամ լավագույն 24-ում լինելուց, պետք է քո երկրի ֆեդերացիան եւս լինի լավագույն 24 երկրների մեջ: Անհատական ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենայի, եթե մասնակցեի, օրինակ, 30 վարկանիշային մրցումից հենց 30-ին: Եթե մեկ այլ երկիր վարկանիշային մրցաշարին մասնակցում է 3 մարզիկով ու գրավում է տարբեր տեղեր, իսկ ես միայնակ զբաղեցնում եմ 1-ին տեղը, այդ երկիրն ավելի շատ միավորներ է վաստակում, քան ես ու իմ երկիրը:
Այսինքն՝ իմ Օլիմպիական խաղեր մասնակցելու հնարավորություն կլիներ միայն այն ժամանակ, եթե ես այս տարվա մարտից մասնակցեի բոլոր վարկանիշային մրցաշարերին ու ոչ մի մրցում բաց չթողնեի, քանի որ ես Հայաստանի միակ ներկայացուցիչն եմ: Մյուս երկրները կարող են բաց թողնել մրցումներ, քանի որ մի քանի ներկայացուցիչով են. իսկ ես այդ հնարավորությունը չունեի: Ստացվում է, որ յուրաքանչյուր երկրի 3 ներկայացուցչի արդյունքների հանրագումարով է որոշվում օլիմպիական վարկանիշները, իսկ ես մենակ էի: Ոչ մի շանս չկա մասնակցելու Օլիմպիական խաղերին:
Այսինքն՝ այլեւս վարկանիշային մրցաշարերի չե՞ս մասնակցի:
8 օրից մեկնարկում են աշխարհի գավաթի փուլերը՝ Բելառուսում, Նոր Զելանդիայում, Հոնկոնգում, տարբեր երկրներում: Ես չեմ մասնակցելու, քանի որ բավարար միավորներ չունեմ եւ իրավունք չունեմ: Միջազգային մրցաշարեր կան, բայց դրանց էլ չեմ մասնակցելու. իմաստ չկա:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.