00:27  ,  24 սեպտեմբերի, 2019

Մեսի. Ինձ համար առավել կարևոր են թիմային հաղթանակները

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար, ՖԻՖԱ-ի վարկածով 2019թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին Միլանում տեղի ունեցած FIFA Football Award մրցանակաբաշխության ժամանակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալուց հետո հայտարարել է, որ երջանիկ է մրցանակը ստանալու կապակցությամբ, սակայն իր համար թիմային հաղթանակները վեր են անձնական նվաճումներից:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որոնք քվեարկել են իմ օգտին, որպեսզի ես արժանանամ այս մրցանակին:

Այստեղ են իմ կինն ու որդիները, որոնց ներկայությամբ ես առաջին անգամ եմ այս կոչմանն արժանանում: Շատ ուրախ եմ, որ իմ ընտանիքը հնարավորություն ունի տեսնել իմ այս նվաճումը:

Շատ ուրախ եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար, սակայն ինձ համար առավել կարևոր են թիմային հաղթանակները: Այս նվաճումը նույնպես թիմային հաղթանակների արդյունք է»,- հայտարարել է Մեսին:

Նշենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» պաշտպան, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկը և Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում