18:42  +04,  17 սեպտեմբերի, 2019

Գեւորգ Ալեքսանյան․ Կարապետ Չալյանին պարտված չեմ համարում աշխարհի առաջնությունում (ֆոտո)

Կարապետ Չալյանին պարտված չեմ համարում աշխարհի առաջնությունում։ Նա նվաճեց օլիմպիական ուղեգիր, ինչը շատ կարեւոր էր ամբողջ թիմի համար։

Այս մասին լրագրողների հետ զրույցում Նուրսուլթանում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը։

«Թե ինչու պարտվեց Կարապետ Չալյանն այսօր, թե ինչու նույն սխալի հետեւանքոք մնաց առանց մեդալի, դժվար է մեկ պատասխանով սահմանափակվել։ Այս ինչուների համար շատ հարցեր ու խնդիրների կան։ Բոլորին էլ հայտնի է, թե մինչեւ Կարապետ Չալյանի աշխարհի առաջնության մեկնելը ինչպիսի ճանապարհ անցավ թիմը, մարզիկներն առանձին եւ անձամբ՝ Կարապետ Չալյանը։

Աշխարհի առաջնությանը հաշված օրեր էին մնացել, երբ Կարապետը համոզվեց, որ ինքն է մասնակցելու։ Համոզվեց գոտեմարտի արդյունքում, ինչն էլ նրանից մեծ էներգիա տարավ։

Միշտ դեմ եմ եղել կարեւոր մրցաշարից առաջ այդպիսի ստուգողական փորձամրցում դնել մարզիկների միջեւ, քանի որ այն մեծ էներգիա եւ նյարդեր է խլում մարզիկներից։ Իսկ դրանից հետո մարզիկների մեծ մասը դժվարությամբ է վերականգնվում։

Ես Կարոյի մասնակցությունը աշխարհի առաջնություն չեմ համարում պարտված։ Հավաքականի վրա դրված էր խնդիր՝ որքան հնարավոր է շատ օլիմպիական վարկանիշներ։ Ինքը հասավ վարկանիշին։ Համաձայն եմ, նա վերջին երկու գոտեմարտերում սխալներ թույլ տվեց։ Այսօր կրկնեց կիսաեզրափակիչում երեկվա թույլ տված սխալը։

Սխալներ բոլորն էլ ունենում են։ Մեկի մոտ գուցե սխալներ լինի, բայց արդյունքի վրա չազդի, բայց Կարապետ Չալյանի պարագայում երեկվա ու այսօրվա սխալները ազդեցին նրա արդյունքի վրա»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը։

Կարապետ Չալյանն արդեն ապահովել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սակայն ըստ ըմբշամարտի կանոնակարգի, ուղեգիր տրվում է երկրին, այլ ոչ թե մարզիկին։ Այսինքն դեռ հայտնի չէ՝ 77 կգ քաշային կարգում հունահռոմեական ըմբշամարտի մարզչական շտաբը Կարապետ Չալյանին կտա Օլիմպիական խաղերի մասնակցության հնարավորություն, թե Արսեն Ջուլֆալակյանին։

«Այդ մասին հիմա չեմ կարող ոչինչ ասել, իրավասու էլ չեմ։ Սա հետագայի հարց է, դեռ բավական երկար ժամանակ կա։ Ունենք 2020 թվականին երկու վարկանիշային մրցաշար, միայն այդ մրցաշարերից հետո, պարզ կլինի թե ինչպես կբաշխվի ուղեգրերը ուղեգիր ձեռք բերած քաշային կարգերի միջեւ»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։9 հաշվով պարտվեց իրանցի Գերաեիին։

Կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը գոտեմարտել էր շվեդ Ալեքս Միշել Բյուռբերգ Քեսիդիսի հետ եւ պարտություն կրել 2։5 հաշվով։

Կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ Չալյանն ապահովել է 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 5։4 հաշվով ծանր հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախի նկատմամբ, որը 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով հաղթել էր թուրք Ֆաթիհ Չենգիզին։

1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ, երկրորդ մրցափուլում 9։0 հաշվով պարտության էր մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոյին, 1/16 եզրափակիչում 4։2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեի Յաբիկուին։

 

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: