15:30  ,  16 սեպտեմբերի, 2019

ԱԱ–2019. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանուում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում գոտեմարտեց շվեդ Ալեքս Միշել Բյուռբերգ Քեսիդիսի հետ եւ պարտություն կրեց 2։5 հաշվով։

Չալյանը սեպտեմբերի 17–ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ Չալյանն ապահովել էր 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

77 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 5։4 հաշվով ծանր հաղթանակ տարավ Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախի նկատմամբ, որը 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով հաղթել էր թուրք Ֆաթիհ Չենգիզին։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ, երկրորդ մրցափուլում 9։0 հաշվով պարտության էր մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոյին։

Կարապետ Չալյանը 1/16 եզրափակիչում 4։2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեի Յաբիկուին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում