10:08  ,  4 սեպտեմբերի, 2019

Red Eagles․ ՀՖՖ-ն շարունակում է խոչընդոտել ֆան շարժման գործունեությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles ֆան շարժումը տարածել է հայտարարություն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրելով իր գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու համար․

«ՀՖՖ-ն շարունակում է հերթական անգամ խոչընդոտել Red Eagles ֆան շարժման գործունեությունը: Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Red Eagles ֆան շարժումը, Հայաստան - Իտալիա խաղի համար պատրաստել է շուրջ 1 միլիոն դրամ արժողությամբ ֆուտբոլային, ոգևորող հսկայական պաստառ, ՀՖՖ-ն չի թույլատրում ո՛չ պաստառի, ո՛չ ֆան շարժման դրոշների, ո՛չ թմբուկների, ո՛չ երկրպագման համար անհրաժեշտ այլ ատրիբուտիկայի մուտքը ստադիոն:

Պետք է ընդգծել, որ նմանօրինակ խոչընդոտ ՀՖՖ ֆան շարժման համար ստեղծել էր նաև Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպման ժամանակ՝ պատճառաբանելով խաղից առաջ տեղի ունեցած տոմսերի միջադեպը, որից հետո Հայաստանի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր հանդիպումներին որևէ խնդիր չի առաջացել:

Ֆան ակումբը հայտարարում է, որ եթե ՀՖՖ-ի համար կա տարբերություն ազգային հավաքականների մեջ, ապա մեզ համար բոլորն էլ բնույթով ազգային են, անհասկանալի և անընդունելի է նման վարքագիծը:

Կոչ ենք անում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, երբ ամբողջ ազգով համախմբված ենք ազգային հավաքականի շուրջ, զերծ մնալ ամբիցիաներից, խտրականություն դնելուց և երկրպագուների շրջանում պառակտում մտցնելուց»:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին կընդունի Իտալիայի, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս