17:09  ,  29 հուլիսի, 2019

38-ամյա Պատրիս Էվրան կսկսի մարզչական կարիերա

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրի Էվրան հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու եւ մարզչական գործունեության անցնելու մասին։

«Իմ կարիերան պաշտոնապես ավարտված է։ 2013 թվականին սկսել էի ՈւԵՖԱ-ի B կարգի մարզչական արտոնագրի դասընթացները։ Կստանամ այն եւ կանցնեմ A կարգի արտոնագրին։ Եթե ամեն ինչ լավ լինի, 1․5 տարի անց կկարողանամ թիմ գլխավորել։

Ալեքս Ֆերգյուսոնը ժամանակին ասել է, որ իր խաղացողների Ռայան Գիգզն ու Պատրիս Էվրան կդառնան բարձր մակարդակի մարզիչներ»,- Էվրայի խոսքը մեջբերում է Gazetta.it-ը։

Անցած մրցաշրջանում Էվրան ազատ գործակալի կարգավիճակում էր եւ չուներ թիմ։ 2017-2018 թվականների մրցաշրջանում Պրեմյեր լիգայի 5 հանդիպում էր անցկացրել «Վեստ Հեմում»։

Էվրան «Մոնակոյում» դարձել է Ֆրանսիական լիգայի գավաթակիր, «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Անգլիայի հնգակի չեմպիոն, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Թուրինի «Յուվենտուսում»՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր։

Էվրան 2004-2016 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում