10:35  ,  24 մայիսի, 2019

Մարչելո Լիպին գլխավորեց Չինաստանի հավաքականը հեռանալուց 4 ամիս անց

Մարչելո Լիպին դարձյալ նշանակվել է ֆուտբոլի Չինաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։ Նա չորս ամիս առաջ էր հեռացել այդ պաշտոնից։ Իտալացի մասնագետի առջեւ խնդիր է դրվել նվաճել 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Լիպին Չինաստանի հավաքականը գլխավորել էր 2016-2019 թվականներին։ Նրա հեռանալուց հետո պաշտոնը զբաղեցնում էր իտալացի Ֆաբիո Կանավարոն, որը ապրիլին հրաժարական ներկայացրեց՝ ցանկանալով կենտրոնանալ չինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչի աշխատանքի վրա եւ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Հիշեցնենք, որ Լիպիի ղեկավարությամբ Իտալիայի հավաքականը 2006-ին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում