01:21  ,  10 հուլիսի, 2012

Կայացավ Ջոն Թերիի գործով դատական առաջին նիստը

Հուլիսի 9-ին Անգլիայի հավաքականի եւ «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին մասնակցել է դատական առաջին նիստին: 31-ամյա ֆուտբոլիստին մեղադրում են «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանքներ թույլ տալու մեջ, հաղորդում է The Sun-ը:

Դատաքննության պատճառը Թերիի եւ Ֆերդինանդի մասնակցությամբ միջադեպն է, որ տեղի էր ունեցել 2011թ. հոկտեմբերի 23-ին` Պրեմիեր լիգայի «ՔՊՌ» - «Չելսի» հանդիպման ժամանակ: «Արիստոկրատների» ավագը մի քանի ռասիստական արտահայտություն էր արել «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպանի հասցեին, երբ վերջինս Թերիին մեղադրել էր թիմակիցների կանանց հետ անպարկեշտ կապերի մեջ: Թերիի խոսքերից մի քանիսը հայտնվել էին հեռուստաեթերում:

Թերիի վարքագիծը որոշեցին անարձագանք չթողնել: Ավելին, միջադեպի հետաքննությամբ սկսեց զբաղվել ոչ թե Ֆուտբոլի ասոցիացիան, այլ ոստիկանությունը: Թերիին ներկայացվեց ռասիզմի մեղադրանք, եւ այժմ 31-ամյա ֆուտբոլիստը ստիպված է դատարանի առջեւ կանգնել: Դատական նիստը պետք է ավելի վաղ կայանար, սակայն հետաձգվել էր Եվրո-2012-ին Թերիի մասնակցության պատճառով: Նշենք, որ Թերին հերքում է իրեն ներկայացված մեղադրանքը:

Դատաքննությունը կշարունակվի մոտ հինգ օր: Եթե Թերիի մեղքը ապացուցեն, ապա նրան սպառնում է 2,5 հազար ֆունտ ստերլիգի տուգանք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում