ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ 2016թ. նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հնչեցրած մտքերին:
«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը եւ, ձեւանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ եւս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ - ո՞վ գիտի՝ հնարավոր է եւ հաջողությամբ:
Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձեւերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռեւս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել եւս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի եւ այլն:
Հարկ չհամարելով երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին՝ միայն նշեմ, որ վերջին 10-13 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն 24 անգամ տարբեր ժամկետներով որակազրկել եւ զանազան պատժամիջոցներ է կիրառել անդամ ֆեդերացիաների նկատմամբ՝ տվյալ երկրում պետության կամ երրորդ կողմի կողմից ֆեդերացիաների գործունեությանը միջամտելու պատճառով»,- ՀՖՖ նախագահի խոսքը փոխանցում է ՀՖՖ կայքը:
Ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը սպորտի նախարարին խորհուրդ էր տվել զբաղվել ատամնաբուժությամբ՝ ի պատասխան այն հայտարարության, որ Սպորտի նախարարությունը հրավիրելու է ֆուտբոլային մասնագետների՝ ֆուտբոլի քննարկումների համար: Հրաչյա Ռոստոմյանն էլ պատասխանել էր, որ Ռուբեն Հայրապետյանն իրեն խորհուրդ տվողների թվում չէ: Ռոստոմյանը մասնագիտությամբ ստոմատոլոգ է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում