12:53  ,  12 հոկտեմբերի, 2016

«Արարատն» ու «Սպարտակը» շնորհավորել են Նիկիտա Սիմոնյանին

Երեւանի «Արարատն» ու Մոսկվայի «Սպարտակը» շնորհավորել են Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

«Շնորհավորում ենք լեգենդար մարզիչին հոբելյանի կապակցությամբ, մաղթում քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք»,- ասվում է «Արարատի» հաղորդագրությունում:

Մոսկվայի «Սպարտակը» շնորհավորական ուղերձում նշել է Նիկիտա Սիմոնյանի բացառիկ նվաճումը՝ 160 գոլ ռուսական թիմում: Այդ նվաճումը մնում է անգերազանցելի «Սպարտակում»:

«Նիկիտա Պավլովիչը 160 գոլից միայն երկուսն է խփել 11 մետրանոցից: Բացառիկ նվաճում է: Նա նաեւ «Սպարտակի» ռեկորդակիրն է մեկ առաջնությունում խփած գոլերով՝ 1950-ին մեր փառահեղ ռմբարկուն խփել է 34 գոլ:

Նիկիտա Սիմոնյանը մեծ ուշադրություն է դարձնում մանկական եւ պատանեկան սպորտի զարգացմանը: Նա շարունակում է օրինակ ծառայել սպարտակցիների այսօրվա սերնդի համար:

«Սպարտակ» ակումբը, մեր ֆուտբոլիստները, մարզիչները, ակումբի աշխատակիցները եւ երկրպագուները սրտանց շնորհավորում են հոբելյարին»,- ասվում է «Սպարտակի» հաղորդագրությունում:

Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում, որտեղ նրա ծնողները հայտնվել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետեւանքով: Չորս տարեկանում Նիկիտա Սիմոնյանը ընտանիքի հետ տեղափոխվել է Աբխազիայի Սուխում քաղաք, որտեղ էլ ընդունվել է «Դինամոյի» ֆուտբոլային դպրոց:

16 տարի Սուխումում ապրելուց հետո Նիկիտա Սիմոնյանը տեղափոխվել է Մոսկվա: «Կռիլյա Սովետովի» լուծարումից հետո 1949-1959 թվականներին  հանդես է եկել «Սպարտակում», չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ՝ երկրի գավաթակիր, երեք անգամ ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկու (1949-ին՝ 26 գոլ, 1950-ին՝ 34 գոլ, 1953-ն՝ 14 գոլ). Սիմոնյանը մինչեւ հիմա «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ բոլոր մրցաշարերում խփել է 160 գոլ:  

34 տարեկանում նա դարձել է «Սպարտակի» գլխավոր մարզիչը: 12 տարում «Սպարտակը» նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1962-ին եւ 1969-ին), երեք անգամ՝ ԽՍՀՄ գավաթակիր (1963-ին, 1965-ին, 1971-ին):

Դրանից հետո Սիմոնյանը գլխավորել է «Արարատը», որի հետ հենց առաջին մրցաշրջանում նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները (1973): 1977-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչը:1980-1981-ին գլխավորել է Օդեսսայի «Չեռնոմորեցը», 1984-1985-ին՝ դարձյալ «Արարատը: 1990-1992 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիան: Խորհրդային Միության փլուզումից հետո մինչեւ հիմա Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում