«Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում տեղի ունեցած մանչեսթերյան դերբին ավարտվեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 2:1: Անգլիայի առաջնության չորրորդ տուրում մրցեցին չեմպիոնական տիտղոսի հիմնական հավակնորդները:
«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի չընկավ արդյունավետ գործողություններով ու փոխարինվեց ընդմիջմանը:
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց հյուրերի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, որն օգտվեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդի սխալից, միայնակ հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի դիմաց ու գրավեց դարպասը:
«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլի դրվագում էլ մեղավորը Դեյլի Բլինդն էր, որը հետ մնաց խաղընկերներից եւ Կելեչի Իհենաչոյի հարվածի ժամանակ չգրանցվեց խաղից դուրս վիճակ՝ 2:0: Դե Բրույնեի հարվածից հետո էր գնդակն անդրադարձել ուղղահայաց դարպասաձողից եւ հայտնվել Իհենաչոյի մոտ:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաշվի տարբերությունը կրճատեց առաջին խաղակեսում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դիպուկ հարվածի շնորհիվ: Չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն անվստահ դուրս եկավ տեղից, բախվեց թիմակցին եւ չփրկեց դրությունը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դե Բրույնեն:
«Մանչեսթեր Սիթին» չորրորդ հաղթանակը տարավ եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գվարդիոլայի թիմին հասնելու հնարավորություն ունի միայն Լոնդոնի «Չելսին», որը առաջին երեք տուրերում հաղթանակ է տարել:
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը չորրորդ տուրում կհյուրընկալվի «Սուոնսիին»: Այդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:
Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2
Զլատան Իբրահիմովիչ, 42 - Կեւին Դե Բրույնե, 15, Կելեչի Իհենաչո, 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում