21:55  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Ռոնալդուի դուբլը Պորտուգալիային փրկեց խայտառակությունից (ֆոտոշարք)

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի մասնակիցներին F խմբից առաջին ու երկրորդ տեղերով միացան Հունգարիայի ու Իսլանդիայի հավաքականները, Պորտուգալիան էլ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց երրորդ տեղով:

Եվրո-2016-ի երրորդ տուրում Պորտուգալիան ու Հունգարիան 3:3 հաշվով ավարտեցին Լիոնում կայացած խաղը: Հունգարացիները 3 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը: Պորտուգալիայի հավաքականից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 31-ամյա  Ռոնալդուն դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի 4 առաջնություններում:

Խմբի մյուս խաղում Իսլանդիան Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Ավստրիային: Առաջին խաղակեսում ավստրիացիները գոլ բաց թողեցին եւ վրիպեցին 11 մետրանոցից, իսկ ընդմիջումից հետո կարողացան հավասարեցնել հաշիվը: Այնուամենայնիվ, ավելացված ժամանակում իսլանդացիները հաղթանակ կորզեցին:

Հունգարիան ու Իսլանդիան 5-ական միավորով բաժանեցին 1-2-րդ տեղերը, Պորտուգալիան 3 միավորով գրավեց երրորդ տեղը, իսկ 1 միավոր հավաքած Ավստրիան լքեց պայքարը: Գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ հունգարացիները գրավեցին առաջին տեղը:

Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին օրվանից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան, Իտալիան, Սլովակիան ու Հյուսիսային Իռլանդիան: Պայքարը չի ավարտվել միայն E խմբում, որտեղ Իտալիան ապահովել է առաջին տեղը, իսկ Բելգիան, Շվեդիան ու Իռլանդիան պայքարում են ուղեգրի համար:

1/8 եզրափակիչում արդեն հայտնի են Իտալիա - Իսպանիա, Շվեյցարիա - Լեհաստան, Պորտուգալիա - Խորվաթիա, Գերմանիա - Սլովակիա եւ Անգլիա - Իսլանդիա զույգերը:

Եվրո-2016. F խումբ, երրորդ տուր

Հունգարիա - Պորտուգալիա՝ 3:3

Զոլթան Գերա, 19, Բալաժ Ջուջակ, 47, 55 – Նանի, 42, Կրիշտիանու Ռոնալդու, 62

Հունգարիա. Գաբոր Կիրայ, Միհայ Կորհուտ, Ռոլանդ Յուհաս, Ռիչարդ Գուզմիչ, Ադամ Լանգ, Զոլթան Գերա (Բարնաբաս Բազե, 46), Բալաժ Ջուջակ, Գերգո Լովրենչիչ (Զոլթան Ստիբեր, 83), Ադամ Պինտեր, Ակոս Էլեկ, Ադամ Սալաի (Կրիստիան Նեմեթ, 71)։

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Վիեյրինյա, Պեպե, Ռիկարդու Կարվալյու, Ժոաո Մոուտինյո (Ռենատու Սանչես, 46), Վիլիամ Կարվալյու, Անդրե Գոմեշ (Ռիկարդո Կուարեժմա, 61), Էլիզեու, Լուիշ Նանի (Դանիլո Պերեյրա, 81), Ժոաո Մարիու, Կրիշտիանու Ռոնալդու:

Իսլանդիա - Ավստրիա՝ 2։1

Յոն Դադի Բոդվարսոն, 18, Արնոր Տրաուստասոն, 90+4 – Ալեսանդրո Շչոֆ, 60

Չիրացրած 11մետրանոց՝ Ալեսանդար Դրագովիչ (Ավստրիա), 37

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Արնասոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն (Սվերիր Ինգասոն, 87), Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն (Արնոր Տրաուստասոն, 81), Յոն Դադի Բոդվարսոն (Էլմար Բյարնասոն, 71)։

Ավստրիա. Ռոբերտ Ալմեր, Մարտին Հինտերեգեր, Ալեքսանդար Դրագովիչ, Սեբաստիան Պրյոդլ (Ալեսանդրո Շչոֆ, 46), Կրիստիան Ֆուքս, Ֆլորիան Կլայն, Շտեֆան Իլզանկեր (Մարկ Յանկո, 46), Յուլիան Բաումգարտլինգներ, Դավիդ Ալաբա, Մարկո Արնաուտովիչ, Մարսել Զաբիտցեր (Յակոբ Յանտշչեր, 78)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով