11:42  ,  8 հունիսի, 2016

«Արսենալը» 30 միլիոն է առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար

Դորտմունդի «Բորուսիան» ու Լոնդոնի «Արսենալը» շարունակում են բանակցել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով:

Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շչիրան թվիթերյան էջում հայտնել է, որ անգլիական ակումբը 30 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանի համար: Ըստ իտալացի լրագրողի՝ բանակցությունները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» դեմ չէ բաժանվել հայ կիսապաշտպանից, որը հրաժարվում է կնքել նոր պայմանագիր: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում