Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» հենց առաջին մրցաշրջանում նվաճեց Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես գալու իրավունք:
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Արքայական ակումբն ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Գեղեցիկ հարվածով աչքի ընկավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Հետագայում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի արձանագրությամբ այն համարվեց Ֆերնանդոյի ինքնագոլ, թեեւ սկզբում գրանցվել էր Բեյլի հաշվին:
10-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրաբար փոխարինվեց «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին:
Առաջին խաղակեսի վերջնամասում խաղից դուրս վիճակի պատճառով չգրանցվեց Սերխիո Ռամոսի գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Վերջին րոպեին էլ Ֆերնանդինյոյի հարվածից հետո «Ռեալին» գոլից փրկեց դարպասաձողը:
Երկրորդ խաղակեսում երկրորդ անգամ կարող էր գնդակը հայտնվել հյուրերի դարպասում, սակայն անկյունայինի խաղարկումից եւ Բեյլի գլխով հարվածից հետո դարպասապահ Ջո Հարթին փրկեց դարպասաձողը: Նախավերջին րոպեին վտանգավոր հարված կատարեց «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի Սերխիո Ագուերոն՝ մի փոքր բարձր ստացվեց: 1:0 հաշիվը պահպանվեց մինչեւ եզրափակիչ սուլիչը:
Հիշեցնենք, որ Անգլիայում կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 28-ին է: Միլանում կլինի 2014 թվականի եզրափակիչի կրկնությունը: Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Մադրիդի «Աթլետիկոն»՝ դուրս թողնելով Մյունխենի «Բավարիային»:
Երկու տարի առաջ Արքայական ակումբը իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորությամբ տիտղոսը նվաճել էր՝ հաղթելով 4:1 հաշվով: Այն ժամանակ Զիդանը Անչելոտիի օգնականն էր:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0
Ֆերնանդո, 20, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում