10:56  ,  26 ապրիլի, 2016

«Բորուսիայի» ղեկավար. Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի երկարաձգել Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը

Դորտմունդի «Բորուսիան» դժվար թե երկարաձգի գործող պայմանագրերը թիմի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանի, Մատս Հումելսի ու Իլկայ Գյունդոգանի հետ: Այդ մասին հայտարարել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն՝ խոսելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին:

«Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի երկարաձգել Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդոգանի հետ պայմանագրերը: Սակայն բացառվում է, որ նրանցից որեւէ մեկը հաջորդ մրցաշրջանում չխաղա «Բորուսիայի» կազմում: Եթե Հումելսը հեռանա, ապա դա կանի միայն «Բավարիայի» համար»,- Վացկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդոգանի գործող պայմանագրերը նախատեսված են մինչեւ 2017-ի ամառը: Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» եւ Թուրինի «Յուվենտուսը»: Գերմանական ակումբի կազմում 27-ամյա Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ եւ դարձել 23 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում