18:30  ,  20 դեկտեմբերի, 2015

«Բորուսիան» պատրաստ է 2 միլիոն եվրոյով բարձրացնել Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է 3 տարով երկարաձգել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործող պայմանագիրը:

Fussballtransfers.com-ի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստ է 2 միլիոն եվրոյով բարձրացնել 26-ամյա Մխիթարյանի աշխատավարձը եւ նրան վճարել տարեկան 7.5 միլիոն եվրո:

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ երջանիկ է Դորտմունդում. «Գաղտնիք չէ, որ Դորտմունդում կարող եմ ցուցադրել լավ ֆուտբոլ եւ երջանիկ եմ այստեղ»,- ասել է Մխիթարյանը:

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը եւս խոսել է նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

«Մխիթարյանի գործող պայմանագիրը երկարաձգելն առաջնային խնդիր է մեզ համար: Առաջին շրջանում նա ցուցադրում էր արտակարգ ֆուտբոլ եւ հիանալի է զգում մեզ մոտ»,- հայտարարել է Ցորկը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում