00:18  ,  8 հոկտեմբերի, 2015

Ասխաբաձե. «Բանանցն» այդքան գումար չունի Ֆաբիո Կապելոյին հրավիրելու համար

«Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն պատմել է իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոյի՝ երեւանյան ակումբի մարզաբազա այցելության մանրամասները: 

«Ֆաբիո Կապելոյին շատ դուր եկավ «Բանանցի» մարզաբազան: Ես նրան պատմեցի նախագծի մասին եւ ներկայացրի մեր ենթակառուցվածքները: Կապելոն տեսավ, թե ինչպես են անցնում երեխաների մարզումները: Նա ասաց, որ ռուսական ակումբների 80-90 տոկոսը չունեն այսպիսի պայմաններ: Ընդհանուր առմամբ, մենք բացատրեցինք, թե ինչ ենք ծրագրում անել եւ ուր ենք շարժվելու: Շատ հետաքրքիր էր խորհուրդներ եւ մեկնաբանություն լսել այսպիսի փորձառու մասնագետից: Բոլորը գոհ էին այդ այցից, հատկապես՝ Ֆաբիո Կապելոն: Սակայն նրա եւ «Բանանցի» միջեւ համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Դա ընկերական այց էր, որի ընթացքում մենք ցուցադրեցինք մեր նախագիծը: Ցավոք, «Բանանցն» իր բյուջեով չի կարող հրավիրել այդպիսի մասնագետի»,- Ասխաբաձեի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Կապելոն նշել էր, որ ֆանտաստիկ տպավորություններ ունի Հայաստանից:

Ֆոտո՝ «Բանանցի» կայք

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում