11:40  ,  5 հոկտեմբերի, 2015

ՀՖՖ նախագահ. Հովհաննես Զանազանյանը փառավոր էջեր է գրել ֆուտբոլի պատմության մեջ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել հայ լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ:

«Հանրահայտ ֆուտբոլիստ, ԽՍՀՄ եւ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր, «Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահը մեծ կորուստ է հայկական ֆուտբոլի համար:

Ողջ կյանքը նվիրելով ֆուտբոլին, Հովհաննես Զանազանյանը փառավոր էջեր է գրել ֆուտբոլի պատմության մեջ՝ իր օրինակով եւ կենսագրությամբ կերտելով պրոֆեսիոնալ մարզիկի, նվիրյալ անհատականության, ճշմարիտ մարդու վառ կերպար:

Հայկական ֆուտբոլի զարգացման ու փառքի բազում տարիներ անժխտելիորեն կապված են Հովհաննես Զանազանյան ֆուտբոլիստի անվան եւ գործի հետ:

Մեծ է Հովհաննես Զանազանյանի ավանդը մեր ֆուտբոլի փառահեղ հաղթանակներում, մեր ժողովրդի սիրելի «Արարատի» վերելքներում, եւ պատահական չէ, որ Հովհաննես Զանազանյանի անվան հետ է զուգակցվում «Արարատի» լեգենդար ավագ տիտղոսը՝ շնորհված ժողովրդի կողմից: Նրա ֆուտբոլը ոգեւորության, երջանկության եւ հպարտության բազում պահեր է պարգեւել մեր երկրին եւ մեր ժողովրդին:

Հովհաննես Զանազանյանն անուրանալի ավանդ ունեցավ նաեւ նորանկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում՝ իր փորձն ու գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, իր պրոֆեսիոնալ եւ մարդկային որակները անմնացորդ ծառայեցնելով նորանկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը, նոր ֆուտբոլային սերնդի դաստիարակությանը: Շատերի համար էր մեծ բարեբախտություն մարզվել եւ խաղալ իրենց երբեմնի կուռքի, հայկական ֆուտբոլի լեգենդի ղեկավարության ներքո:

Խորապես ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուներին: Հովհաննես Զանազանյանի անունն ու գործը մշտապես կմնա սերունդների հիշողության մեջ, քանի որ այն այլեւս անքակտելիորեն շաղկապված է հայկական ֆուտբոլի պատմությանը»,- նշվում է ուղերձում, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Զանազանյանը հոկտեմբերի 4-ին 68 տարեկանում մահացել է տեւական ծանր հիվանդությունից հետո: Նրա հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 5-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում եւ կսկսվի ժամը 18:00-ին: «Արարատ-73»-ի ավագի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում