11:33  ,  1 հոկտեմբերի, 2015

Յուրի Ջորկաեֆն այցելել է Ծիծեռնակաբերդ

Երեւան ժամանած ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին հոկտեմբերի 1-ին ընդունել են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Դրանից հետո ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ջորկաեֆը զգացված է Հայաստանում այսպիսի ջերմ ընդունելություններից ու վերաբերմունքից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը Հայաստան է ժամանել Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար: 

Երեւանում Յուրի Ջորկաեֆը մասնակցելու է նաեւ բարեգործական ֆուտբոլային խաղի, որում հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում (ժամը 17:30-ին) հանդիպելու են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները: Ջորկաեֆը հանդես է գալու ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում, իսկ լրագրողների թիմում խաղալու է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում