23:45  ,  7 սեպտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Պետք չէ հրաշք սպասել Հայաստանի հավաքականից

Կարելի է ասել, որ այսօր չբավականացրեց հաջողության գործոնը, քանի որ երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ հանդես եկանք եւ մրցակցից ավելի շատ հնարավորություններ ունեցանք:

Այս մասին Դանիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումից հետո ասել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Եթե հաշվի առնենք վերջին խաղերը, ապա մեկ միավորը վատ արդյունք չէ: Կարող էինք նաեւ հաղթել, բայց, ցավոք, չօգտագործեցինք մեր պահերը: Հույս ունենք, որ կկարողանանք հաղթել վերջին խաղում եւ հաղթանակով ավարտել ընտրական փուլը:

Իմ խաղային դիրքի հետ կապված ավելի լավ կլինի հարցնեք մարզիչին: Ինձանից կախված է խաղալը եւ ես անում եմ դա: Հիմա եթե ասեմ, որ ինձ վատ եմ զգում հենակետայինի դիրքում, ինչ-որ բան կփոխվի՞:

Պարզ է, որ ինձ հոգեհարազատ է խաղալ ենթահարձակվողի դիրքում, բայց եթե անհրաժեշտ է հանդես գալ հենակետայինի գոտում, ապա պետք է այդտեղ խաղամ:

Տեղյակ չեմ, որ դանիացի լրագրողներն այստեղ հաղորդում էին պատրաստում իմ մասին, բայց շատ հաճելի է: Հուսով եմ, որ այս խաղից հետո այլ ֆուտբոլիստներ էլ կհայտնվեն ուշադրության կենտրոնում եւ նրանց մասին էլ կպատրաստեն հաղորդում:

Հուսով եմ, որ այս խաղից հետո Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կհայտնվեն եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, քանի որ անցկացրինք շատ լավ հանդիպում: Եկեք իրական նայենք. պետք չէ Հայաստանի հավաքականից սպասել հրաշք: Մենք այն երկիրն ենք, ունենք այն ֆուտբոլային փիլիսոփայությունը եւ չունենք 50 միլիոնանոց բնակչություն, որից կլինի շատ լավ ազգային հավաքական: Հայաստանում, երեւի, կա 2.5 միլիոն հայ, իսկ ամբողջ աշխարհում՝ 8 միլիոն, եւ 10 միլիոնից ինչ-որ բան սպասելը բարդ է:

Ով էլ գալիս է ազգային հավաքական, փորձում է անել առավելագույնը եւ օգնել թիմին: Ճիշտն ասած, Հայաստանի հավաքականում, երեւի, ընտրում են 25 ֆուտբոլիստներից 23 կամ 24 խաղացող: Ճիշտ է, բոլորդ սովոր եք, նախորդ 2 ընտրական փուլերը շատ հաջող էին Հայաստանի համար, բայց ինչ-որ տեղ կարելի է ասել, որ բախտի գործոնը մեր կողմն էր:

Ինչ վերաբերում է խաղային դիրքիս, ապա եթե հանդես գայի ենթահարձակվողի դիրքում եւ գոլ չխփեի, ի՞նչ հարց կտայիք այդ ժամանակ: Եկեք չխառնենք, քանի որ Բունդեսլիգայում եւ Դորտմունդի «Բորուսիայում» լրիվ այլ փիլիսոփայությամբ այլ ֆուտբոլ ենք խաղում: Այնտեղ խաղը լրիվ այլ է, այստեղ՝ այլ: Այդ պատճառով պետք չէ մտածել, որ եթե այլ դիքրում խաղայի, անպայման գոլի հեղինակ կդառնայի: Խոսքն ընդհանուր ֆուտբոլի եւ խաղի դասավորվածության մասին է: Կարելի է ասել, որ այսօր չբավականացրեց հաջողության գործոնը, քանի որ երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ հանդես եկանք եւ մրցակցից ավելի շատ հնարավորություններ ունեցանք: Առջեւում դեռ 2 խաղ կա, իսկ հետո նոր կամփոփենք: Կարծում եմ՝ խաղի որակով այս ընտրական փուլում ամենահաջողը Պորտուգալիայի դեմ եւ այս հանդիպումներն էին մեզ համար: Չեմ կարող ասել, թե այն դրվագում կար 11 մետրանոց, թե՝ ոչ: Թող մրցավարը գնահատի այդ դրվագը: Եթե չի նշանակվել 11 մետրանոց, նշանակում է, որ կանոնների խախտում չկար»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Դանիայի հետ 0:0 հաշվով խաղալուց հետո Հայաստանի հավաքականը 2 միավորով I խմբի նախավերջին տեղում է:

Թեեւ Հայաստանի հավաքականը վերջապես կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը՝ ընդհատելով 17-խաղյա գոլային շարքը, սակայն շարունակում է մնալ I խմբում հաղթանակ չունեցող միակ թիմը: Սարգիս Հովսեփյանի թիմը ընտրական վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 11՝ ընդունելով ալբանացիներին: Այդ հանդիպումից 3 օր առաջ Հայաստանի հավաքականը Նիցայում կհանդիպի Ֆրանսիային, որը Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում I խմբի թիմերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով