21:51  ,  7 սեպտեմբերի, 2015

Եվրո-2016. Հայաստանի հավաքականը շարունակում է առանց հաղթանակների շարքը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է առանց հաղթանակների շարքը Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի I խմբում: Սեպտեմբերի 7-ին Հայաստանի թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց դանիացիներին եւ բավարարվեց գոլազուրկ ոչ ոքիով:

Խաղի արդեն երկրորդ րոպեին դանիացիներն իրացրին վտանգավոր տուգանային հարված, որից հետո Գեւորգ Կասպարովը փրկեց իր թիմին: Մեկնարկային րոպեներին հյուրերն ունեին տարածքային առավելություն եւ փորձում էին խփել արագ գոլ, իսկ Հայաստանի հավաքականը դժվարությամբ էր անցնում կենտրոնը: Դաշտի տերերն ակտիվացան 15-րդ րոպեից, երբ դանիացիների դարպասի մոտ լարվածությունը մեծացավ, սակայն գործն իրական գոլային պահերի չհասավ: Խաղի հաշիվը կարող էր բացվել 19-րդ րոպեին, երբ Գեւորգ Ղազարյանը հարմար դիրքից գլխով շեղ հարվածեց: Խաղակեսի միջնամասում խաղը հավասարվել էր, եւ անցնում էր առանց գոլային պահերի: Դանիացիները հաճախ էին ստանում անկյունային հարվածի իրավունք, բայց տանտերերը հաջող էին պաշտպանվում երկրորդ հարկում: Խաղակեսի վերջնամասում թիմերը վառ գործողություններով աչքի չընկան եւ ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Միայն հիշվեց տանտերերի գրոհներից մեկը, որի ժամանակ թե՛ Կամո Հովհաննիսյանի, թե՛ Հենրիխ Մխիթարյանի հարվածները չստացվեցին:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին դանիացիները, բայց Հայաստանի հավաքականը եւս պատասխանեց գրոհներով: Հյուրերը սկսեցին վերահսկել գնդակը եւ 58-րդ րոպեին ունեցան իրական գոլային պահ, որը չկարողացան օգտագործել արդյունավետ: Հայաստանի հավաքականի առջեւի գծում գրեթե աննկատ էր Յուրա Մովսիսյանը, որը 66-րդ րոպեին կորցրեց խաղի ամենաիրական գոլային պահը: Փոխարինման դուրս եկած Ռուսլան Կորյանի անցումից եւ հիանալի փոխանցումից հետո Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը մեն-մենակ դուրս եկավ դանիացիների դարպասապահի դեմ, սակայն հարմար դիրքից շեղ հարվածեց: Քիչ անց վտանգավոր հարված կատարեց գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Նիկլաս Բենդտները, բայց այս դեպքում էլ վստահ խաղաց Գեւորգ Կասպարովը: Հյուրերի տարածքային առավելությունը պահպանվում էր, իսկ Հայաստանի հավաքականի գործողություններից չէր նկատվում, որ թիմը խաղում է միայն հաղթանակի համար: Սարգիս Հովսեփյանը չէր շտապում կատարել երկրորդ եւ երրորդ փախարինումները, թեեւ նրա թիմին թարմություն հաղորդելու անհրաժեշտություն էր նկատվում: Վերջնամասում թիմերին արդեն խանգարում էր շտապողականությունը: Հայաստանի հավաքականը կարող էր հաղթանակ կորզել, բայց փոխարինման դուրս եկած Արտյոմ Սիմոնյանի հարվածը շեղ ստացվեց 88-րդ րոպեին: Վերջին րոպեներն անցան լարված պայքարում եւ դաշտի տերերն անցկացրին մի քանի վտանգավոր հակագրոհներ, բայց գրանցվեց 0:0 հաշիվը:

Թեեւ Հայաստանի հավաքականը վերջապես կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը՝ ընդհատելով 17-խաղյա գոլային շարքը, սակայն ունի 2 միավոր եւ շարունակում է մնալ I խմբում հաղթանակ չունեցող միակ թիմը: Սարգիս Հովսեփյանի թիմն ընտրական վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 11՝ ընդունելով ալբանացիներին: Այդ հանդիպումից 3 օր առաջ Հայաստանի հավաքականը Նիցայում կհանդիպի Ֆրանսիային, որը Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում I խմբի թիմերի հետ:

Եվրո-2016, ընտրական մրցաշար
I խումբ, 8-րդ տուր
Հայաստան – Դանիա` 0:0

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Կամո Հովհաննիսյան (Արտյոմ Սիմոնյան, 87), Մարկոս Պիզելի (Ռուսլան Կորյան, 62), Յուրա Մովսիսյան (Արաս Օզբիլիս, 84):

Դանիա. Կասպեր Շմեյխել («Լեսթեր»), Լարս Յակոբսեն («Գենգամ»), Դանիել Ագեր («Բրոնդբյու»), Սիմոն Կյաեր («Ֆեներբահչե», Էրիկ Սվյատչենկո, 80), Ռիզա Դուրմիսի («Բրոնդբյու»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Բավարիա»), Յակոբ Պոուլսեն («Միտյուլանդ»), Յուսուֆ Յուրայ Պոուլսեն («Լայպցիգ»), Նիկոլայ Յորգենսեն («Կոպենհագեն», Մարտին Բրեյթվեյթ, 64), Միկայել Կրոն Դելի («Սեւիլիա», Թոմաս Դելեյնի, 56), Նիկլաս Բենդտներ («Վոլֆսբուրգ»):

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարները՝ Պարույր Սինյավսկու / NEWS.am Sport

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով