15:15  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Լեհաստան - Չեխիա. անոնս

Խմբային մրցաշարի երրորդ տուրի Լեհաստան - Չեխիա հանդիպումը նույնպես խոստանում է դրամատիկ եւ լարված լինել: Լեհերը, հույների հետ առաջին խաղում բաց թողնելով հաղթանակը, երկրորդ խաղում Ռուսաստանի հետ միանգամայն տանելի ոչ-ոքի խաղացին եւ շատ ավելի լավ տպավորություն թողեցին, քան մեկնարկային հանդիպման ժամանակ: Այս անգամ ֆիզիկապես ավելի պինդ էին, դորտմունդյան եռյակը վերջապես ցույց տվեց իր ներուժը: Բլլաշչիկովսկին, ստանձնելով թիմի գրոհների առաջատարի դերը, լավագույնս կատարեց պարտականությունները` վերահսկելով դաշտի կենտրոնը, զարգացնելով լեհերի գրոհները եւ իհարկե, դառնալով հրաշալի գոլի հեղինակ:

Այժմ ամեն ինչ Լեհաստանի ձեռքերում է: Ռուսաստանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ աճել է, ավելորդ զգացմունքայնությունը, որն առկա էր հույների հետ խաղում, նվազել է, թիմային խաղը կարգավորվել է, ֆիզիկապես էլ են ամրացել. մնում է այդ ամենն արդյունավետ օգտագործել:

Ինչ վերաբերում է չեխերին, ապա նրանց խնդիրներն ավելի շատ են: Ճիշտ է, նրանք հույներին հաղթեցին` հենց խաղասկզբում հզոր ճնշման շնորհիվ երկու արագ գոլ խփելով, սակայն հանդիպման մնացած հատվածում, հատկապես երկրորդ խաղակեսում, չեխերը ակնհայտորեն թուլացան: Թե Ռուսաստանի, թե հույների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ չեխերը չեն կարողանում հավասարաչափ օգտագործել իրենց ուժերը, շատ ակտիվ են սկսում հանդիպումների առաջին հատվածը, որտեղ էլ սպառում են գրեթե ամբողջ էներգիան: Ամեն ինչ կախված է մարզչական որոշումներից:

Այս թիմերի միջեւ, եթե Չեխիային չենք համարում Չեխոսլովակիայի իրավահաջորդ, ընդամենը 5 հանդիպում է տեղի ունեցել, ոչ-ոքի դեռ չի եղել: Լեհերը հաղթել են երեք անգամ, երկու անգամ էլ` չեխերը: Նրանք հանդիպել են 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որտեղ յուրաքանչյուրը սեփական հարկի տակ հաղթանակ է տարել:

Լեհաստան

Լեհերի մարզիչ Սմուդան մի շարք պրոլեմների առջեւ է կանգնել կազմի հարցում: Նախ, պարզ չէ դարպասապահի դիրքը: Հիմնական դարպասապահ Շչեսնին հույների հետ խաղում, որը նա շատ անհաջող անցկացրեց, կարմիր քարտ ստացավ եւ բաց թողեց ռուսների հետ խաղը: Նրան փոխարինած Տիտոնը ոչ միայն փրկեց Հունաստանի հետ խաղը` հետ մղելով 11 մետրանոց հարվածը, այլ նաեւ բավական վստահ անցկացրեց Ռուսաստանի հետ հանդիպումը: Շատ սառնասիրտ, ոչ մի ավելորդություն, հանգիստ. հատկանիշներ, որոնք երբեմն բացակայում են Շչեսնիի մոտ: Սմուդան խուսափել է այս հարցում պարզություն մտցնել. «Հաստատ կարող եմ ասել, որ դարպասներին ես չեմ կանգնելու»,- կատակել է լեհերի մարզիչը:

Միկրովնասվածքներ ունեն նաեւ կենտրոնական պաշտպան Պերկիսը եւ երկու հենակետայինները` Դուդկան եւ Պոլանսկին: Սմուդան տեղեկացրել է, որ նրանց ներկայությունը մեկնարկային կազմում դեռ հարցականի տակ է:

Չեխիա

Չեխերի մոտ իրավիճակը ավելի մռայլ է: Դարպասապահ Պետեր Չեխը, որը, ի դեպ, այս մրցաշարում դեռ աչքի չի ընկնում կայուն խաղով, նախորդ հանդիպմանը վնասել էր ուսը: Մարզիչ Բիլեկի խոսքով, Չեխը կարծես արդեն ապաքինվել է եւ պատրաստ է հանդիպմանը:

Իսկ մյուս պրոբլեմը ավելի լուրջ է. հույների հետ խաղում լուրջ վնասվածք է ստացել չեխերի առաջատարը` Տոմաշ Ռոսիցկին, որին Բիլեկը առաջին խաղակեսից հետո ստիպված եղավ փոխարինել: Եթե Ռոսիցկին այսօր խաղադաշտ մտնի, ապա դեռ լիովին չապաքինված: Այս կապակցությամբ Բիլեկը նշել է. «Հուսով եմ, որ Ռոսիցկին կկարողանա խաղալ, սակայն մենք ունենք նաեւ այլ տարբերակներ»: Իսկ այլ տարբերակը Ռոսիցկու բացակայության դեպքում, ամենայն հավանականությամբ, կլինի Կոլարժը: Բոլոր դեպքերում, Ռոսիցկու բացակայությունը շատ մեծ կորուստ կլինի չեխերի համար: Մրցաշարը ցույց տվեց, որ Ռոսիցկին շատ ավելի մեծ դեր ու նշանակություն ունի թիմում, քան Պետեր Չեխը:

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:

Վրոցլավ, «Մեյսկի» ստադիոն

Մրցավար` Քրեյգ Թոմսոն (Շոտլանդիա)

Հավանական կազմ

Լեհաստան. Շչեսնի, Պիշչեկ, Վասիլեւսկի, Պերկի,  Բենիշ, Դուդկա, Պոլանսկի, Բլաշչիկովսկի,  Մուրավսկի, Օբրանյակ, Լեւանդովսկի

Չեխիա. Չեխ, Գեբրե Սելասիե, Սիվոկ, Կադլեց, Լիմբերսկի, Հյուբշման, Պլաշիլ, Յիրաչեկ, Պիլարժ, Ռոսիցկի, Բարոշ

 

Բուքմեյքերների կանխատեսումը. միջինացված գործակից

Լեհաստանի հաղթանակ՝ 2,20, ոչ ոքի՝ 3,40, Հունաստանի հաղթանակ՝ 3,20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով