01:43  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Շվեդների դրաման, Ուոլքոտի գործոնը

Եվս մեկ հրաշալի եւ բացառիկ դրամատիկ հանդիպում մեզ պարգեւեց Եվրո-2012-ը: Թերեւս, լավագույնը իր լարվածությամբ եւ սյուժեով: Եվ նորից շվեդների մասնակցությամբ: Շատ ցավալի է, որ իրեն հիանալի դրսեւորած այս թիմը ժամանակից շուտ լքում է մրցաշարը: Նրանք արժանի չէին դրան: Երկրորդ անգամ անընդմեջ հաշվի մեջ առավելություն ունենալ եւ արդյունքում պարտվել, դա իհարկե ծանր հարված է: Շվեդները ոչ ուկրաինացիներին, ոչ անգլիացիներին խաղով ոչնչով չէին զիջում... բայց հաղթում է ուժեղագույնը:

Ենթադրվում էր, որ այս հանդիպմանը բաց ֆուտբոլ կընթանա: Երկու հավաքականներին հաղթանակ էր անհրաժեշտ: Առաջին հերթին սա վերաբերում էր Շվեդիայի հավաքականին: Իսկ, ինչ վերաբերում է անգլիացիներին, ապա ֆրանսիացիների հետ նախորդ խաղից հետո, որը Անգլիայում խիստ քննադատության ենթարկվեց` գերպաշտպանական եւ զգույշ ֆուտբոլի համար, ապա հետաքրքիր էր տեսնել, թե կուժեղացնի՞ հարձակման գիծը Ռոյ Հոջսոնը: Որքան էլ զարմանալի թվա, ուժեղացրեց, խաղադաշտ մտցնելով Քերոլին: Արդյունքում անգլիացիները երկու հարձակվողով սկսեցին հանդիպումը: Հոջսոնից շատ բան չէին պահանջում. ընդամենը, որը Անգլիան ֆուտբոլային գերտերություն է համարվում եւ ամոթ է նման կարգավիճակ ունեցող թիմին ավելի ագրեսիվ չլինել առջեւի գծում:

Արդյունքը սպասել չտվեց: Քերոլը, որն Անգլիայի Պրեմյեր լիգայում երեւի ամենաքննադատվող հարձակվողն է, իհարկե` Տորեսից հետո, գոլ խփեց առաջին խաղակեսում: Այնպես որ, քննադատության ալիքը Հոջսոնի դեմ կնվազի: Իսկ ահա հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Անգլիայի մարզչին դեռ երկար են հիշեցնելու նրա մյուս որոշումը` հավաքականի կազմում չընդգրկել Ռիո Ֆերդինանդին: Շվեդիայի հավաքականը, երկրորդ խաղակեսում այլեւս կորցնելու բան չունենալով, առաջ շարժվեց: Եվ շուտով իրադարձությունները սկսեցին գլխապտույտ արագությամբ զարգանալ: Երկու անգամ շվեդները անգլիացիների տուգանային հրապարակում հաղթող դուրս եկան օդային պայքարում եւ անսպասելիորեն առաջ անցան` 2:1: Ռիո Ֆերդինանդի ներկայության դեպքում շվեդները այդքան վստահ իրենց չէին զգա օդային պայքարում: Վստահաբար, շվեդների գոլերը անգլիացիների կազմում բարձրակարգ կենտրոնական պաշտպանի բացակայության արդյունք էին:  

Եվ այստեղ Հոջսոնը կատարեց մի քայլ, որը նրանից պահանջում էր ողջ մարզական Անգլիան: Նա էլ ավելի ուժեղացրեց հարձակման գիծը, խաղադաշտ մտցնելով Ուոլքոտին: Ստիպված դա արեց. չլիներ նման հաշիվ, դժվար թե նա գնար այդ քայլին: Իսկ թե ինչ եղավ Ուոլքոտի խաղադաշտ մտնելով, բոլորս տեսանք: Անգլիացիները անմիջապես տիրեցին նախաձեռնությանը, պաշարեցին շվեդներին: Ուոլքոտը գոլ խփեց, հավասարեցրեց հաշիվը, Ուոլքոտի եզրային ճեղքումից եւ փոխանցումից հետո Ուելբեքը հրաշք հարվածով առաջ մղեց Անգլիային: Այսպիսի Անգլիա էին ցանկանում տեսնել նրա երկրպագուները: Այսինքն, անգլիացիները պետք է ծանր դրության մեջ հայտնվեն, որպեսզի ցուցադրեն այն ֆուտբոլը, որը նրանցից սպասում են եւ որը նրանք կարող են: Եվ հեծանիվ հորինելու կարիք չկար: Եվ դրանից հետո անգլիացիները խաղը փրկելու այլեւս ոչ մի հնարավորություն չտվեցին շվեդներին: Ավելին, Անգլիայի արագաշարժ հարձակվողները կարող էին խփել եւս մի քանի գնդակ, բայց Իսակսոնը ինչ-որ ֆանտաստիկ, գերբնական սեյվեր էր անում: Ընդհանրապես, Իսակսոնի երկու սեյվն այս հանդիպումից կարելի է պատմության մեջ լավագույնների շարքին դասել:

Ափսոս, իհարկե շվեդներին: Ափսոս, որ Իբրահիմովիչն ու թիմակիցները չկարողացան  գոնե ոչ ոքի խաղալ: Այդ դեպքում վերջին տուրում մեզ շատ ավելի դրամատիկ հանդիպումներ կսպասեին: Նշենք, որ վերջին տուրում քառորդ եզրափակիչ դուրս գալու համար ֆրանսիացիներին բավարար է ոչ ոքին, իսկ Ուկրաինա – Անգլիա խաղում տանտերերին միայն հաղթանակ է անհրաժեշտ:

Մհեր Ղալեչյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով