12:11  ,  18 հունիսի, 2015

Արմեն Նազարյան. Մեր ուժեղագույն ըմբիշները եւս պետք է մասնակցեին Եվրոպական խաղերին

Եթե մեզ երաշխավորել էին անվտանգություն, ու ես տղաների պատմածով հասկացա, որ այն եղել է բարձր մակարդակի վրա, ուրեմն մեր թիմը բոլոր քաշային կարգերում էլ պետք է մասնակցեր Բաքվի խաղերին: Նույնիսկ պետք է մեր ամենաուժեղ ըմբիշները մասնակցեին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Բաքվից վերադարձած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմին դիմավորելու էր եկել նաեւ Արմեն Նազարյանը: Այս օրերին օլիմպիական չեմպիոնն ընտանիքի հետ ժամանել է Հայաստան, որպեսզի թիմի հետ միասին տոնի Հայաստանի դեռ միակ մեդալը Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպական խաղերից:

Պարոն Նազարյան, ինչպե՞ս կգնահատեք հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմի մասնակցությունը Եվրոպական խաղերին:

Մեր չորս ըմբիշներն էլ լավ հանդես եկան, իրոք, գոտեմարտեցին հերոսի պես՝ վնասվածքներով, մրցավարական անարդարություններով, բայց ամեն ինչ արեցին, որպեսզի մեր եռագույնը բարձրանա Բաքվում: Հոգի ու սիրտ դրեցին իրենց գոտեմարտերում, քաջություն ցուցաբերեցին, մի քանի առիթներ ստեղծեցին հաղթանակը մոտ զգալու համար եւ ադրբեջանցի մարզիկների հետ գոտեմարտերում հաղթանակներ նվիրեցին մեզ: Միայն ցավում եմ, որ այս պայքարի արդյունքում ոսկե մեդալ չբերեցին: Ճիշտ է, մեդալ ունենք, բայց շատ ավելի լավ կլիներ, որ այն ոսկե լիներ: Շնորհավորում եմ մեր թիմին, բոլոր չորս մարզիկներին եւ թիմի մարզիչ Սամվել Գեւորգյանին այս լավ աշխատանքի համար: Այս մեդալը բոլորի հաղթանակն է:

Ամեն դեպքում, մրցավարական կողմնապահությունից խուսափել չհաջողվեց, ինչի պատճառով ոսկե մեդալը Հայաստանին չհասավ: Որպես մասնագետ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը: Մրցավարության խնդի՞ր կար, թե՞ հայ մարզիկը զիջում էր մրցակցին:

Միհրան Հարությունյանը շատ լավ հանդես եկավ: Նա ամեն ինչ արեց, մինչեւ վերջ պայքարեց: Իր խմբում նա հանդիպեց ադրբեջանցի Ալիեւին, ով իրականում մեծ ըմբիշ է: Նա հրաշալի գոտեմարտ անցկացրեց ադրբեջնացու հետ՝ ոչ մի հնարավորություն չտալով Ալիեւին: Միայն վերջին՝ եզրափակիչ գոտեմարտում արդեն Միհրանին ուղղակի թույլ չտվեցին առավելության հասնել: Մրցավարական կողմնապահություն կար, մեր մարզիկը չէր զիջում մրցակցին: Իսկ մրցավարական կողմնապահությունն այն էր, որ պարտեր չնստացրին: Ասեմ ավելին, Միհրան Հարությունյանը մեկ գլուխ բարձր էր մրցակցին: Եթե Միհրանին չորեքթաթ դրության հնարավորություն տային, նա ոսկե մեդալակիր կդառնար եւ կապացուցեր բոլորին, այդ թվում՝ մրցավարներին, որ մեկ գլուխ բարձր է մրցակցից: Ուղղակի այդ ամենը շատ լավ մտածված, մշակված ու գծագրված էր, որ եթե չորեքթաթ դրություն նստացնեն, հայ մարզիկը ոչ մի հնարավորություն չի տա ռուս ըմբիշին:

Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հավաքականից Բաքու մեկնելու ցանկություն չհայտնեցին աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Ըստ Ձեզ՝ դա ճի՞շտ որոշում էր:

Ես հասկանում եմ մեր չեմպիոնների քայլը, բայց այստեղ մի խնդիր կա: Եթե մեր չեմպիոնները որոշել էին չգնալ Բաքու, այլ պատրաստվել աշխարհի առաջնությանը՝ նախապատրաստվելով Օլիմպիական խաղերին, ուրեմն նրանք վստահ պետք է միայն ոսկու համար գնան Օլիմպիական խաղեր: Ես հավատում եմ մեր տղաներին, մեր թիմն իրականում շատ ուժեղ է: Հավատում եմ, որ այս Օլիմպիական խաղերում Հայաստանի թիմը մեդալների պաշարով է վերադառնալու: Այս Օլիմպիական խաղերում մեդալների հույսեր ունեմ Արսեն Ջուլֆալակյանից, Արթուր Ալեքսանյանից, Միհրան Հարությունյանից, Ռոման Ամոյանից, Կարապետ Չալյանից, Մաքսիմ Մանուկյանից: Խոսքը մեդալների մասին է, իսկ թե ինչ գույնի, դա տեղում պարզ կլինի: Ես հավատում եմ մեր թիմին, քանի որ իսկապես մեր հավաքականը շատ ուժեղ է, բացի՝ ծանր քաշից: Այս Օլիմպիական խաղերում ես նույնիսկ չեմպիոնի հույսեր ունեմ եւ հավատում եմ դրան: Եթե որոշել են Բաքու չգնալ, այլ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը եւ Օլիմպիական խաղերին, ուրեմն լավ կլինի, որ պայքարեն օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար, այլ ոչ թե օլիմպիական մեդալի: Ամեն դեպքում, մեր մարզիկները շատ լավ մասնակցեցին, քաջերի պես կռվեցին: Միայն լավ կլիներ, որ մեր թիմն ամբողջական կազմով մասնակցեր, քաշային կարգերը շատ լինեին: Ես նկատեցի, որ Բաքվի մրցագորգում շատ թույլ էին ոչ օլիմպիական քաշերը: Թող ոչ օլիմպիական քաշերում հանդես եկող ըմբիշների տանեին, որպեսզի մեդալներ նվաճեինք, Հայաստանի դրոշը մի քանի անգամ բարձրանար այնտեղ: Եթե մեզ երաշխավորել էին անվտանգություն, ու ես տղաների պատմածով հասկացա, որ այն եղել է բարձր մակարդակի վրա, ուրեմն մեր թիմը բոլոր քաշային կարգերում էլ պետք է մասնակցեր: Նույնիսկ պետք է մեր ամենաուժեղ ըմբիշները մասնակցեին:

Դուք Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն եք: Բաքու չե՞ք մեկնել:

Իմ մարզական կարիերայում ես երեք անգամ բոյկոտել եմ եւ Ադրբեջանում չեմ մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին եւ Եվրոպայի Գավաթին: Դա իմ որոշումն է եղել: Այս Խաղերին հատուկ չցանկացա մեկնել արդեն որպես հավաքականի գլխավոր մարզիչ, քանի որ համոզված էի, որ իմ անձի հետ կապված նրանք լավ բաներ չէին անի, խայտառակ մրցավարություն կլիներ, վերաբերմունք բուլղարացի ըմբիշների նկատմամբ եւ այդ ամենը կապված իմ անձի հետ: Իմ սաներին վատ կվերաբերվեին իմ պատճառով: Եվ որոշեցի, որ իմ փոխարեն թիմին Բաքու պետք է ուղեկցի իմ օգնականը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում