23:01  ,  25 մայիսի, 2015

Պաշտոնական. «Ռեալը» բաժանվեց Կարլո Անչելոտիից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես հայտարարել է իտալացի Կարլո Անչելոտիին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու մասին:

«Տնօրենների խորհուրդը որոշեց բաժանվել Անչելոտիից: Դա բարդ որոշում էր, բայց մենք հուսով ենք, որ այն օգտակար կլինի թիմի համար: Կարլոն հարգանքի է արժանի «Դեսիմայի» համար: Սակայն մենք կարծում ենք, որ ժամանակն է ընտրել նոր մարզիչի, ում հետ թիմը կառաջադիմի: Մեկ շաբաթվա ընթացքում կհայտնենք նոր գլխավոր մարզիչի անունը»,-  Պերեսի խոսքը մեջբերում է «Ռեալի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անչելոտին հայտարարել էր, որ մեկ տարվա մարզչական դադար է վերցնում առողջական խնդիրների պատճառով: «Ռեալում» իտալացի մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուներն են իսպանացիներ Ռաֆայել Բենիտեսն («Նապոլի») ու Ունաի Էմերին («Սեւիլիա»): 55-ամյա Անչելոտին 2013-ից էր գլխավորում Արքայական ակումբը, որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Իսպանիայի Գավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: Այս մրցաշրջանում «Ռեալը» տիտղոս չնվաճեց Իսպանիայում ու Չեմպիոնների լիգայում, որտեղ կիսաեզրափակիչում պարտվեց Թուրինի «Յուվենտուսին»: Մադրիդյան ակումբի հետ մարզիչի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2016-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում