15:14  ,  24 ապրիլի, 2015

Վիկ Դարչինյան. Պաշտոնական Վաշինգտոնը մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի 43 նահանգներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, կարծում եմ քիչ է մնացել, որ այդ երկիրը ճանաչի Ցեղասպանությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց պրոֆեսիոնալ բռնցամարտիկ Վիկ Դարչինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանը, եւ ինչ պետք է փոխվի, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Երբ բոլորը հաստատեն, աշխարհն արդեն կիմանա, եւ կարծում եմ՝ մենք կհասնենք դրան»,- վստահություն հայտնեց Դարչինյանը։

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում երկու վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը փետրվարին Մեքսիկայում անցկացրել էր վարկանիշային մենամարտ: Երկու պարտություններից հետո Վիկ Դարչինյանը դարձյալ դուրս էր եկել ռինգ եւ հաղթանակ տարել մեքսիկացի Խուան Խիմենեսի նկատմամբ: 10 ռաունդանոց մենամարտը դադարեցվել էր 9-րդ ռաունդում:

39-ամյա Վիկ Դարչինյանը չէր մենամարտել 2014թ. մայիսից: Այն ժամանակ հայ բռնցքամարտիկը պարտվել էր WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլթերսին, դրանից առաջ էլ 2013թ. նոյեմբերի 9-ին 10 ռաունդանոց մենամարտում նա տեխնիկական նոկաուտով պարտվել էր երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում