17:57  ,  17 ապրիլի, 2015

Եվգենի Պլյուշչենկո. Վերադառնում եմ մեծ սպորտ

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է մեծ սպորտ վերադառնալու մասին: 32-ամյա մենասահորդը մտադիր է պատրաստվել 2016թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

«Այժմ կարող եմ ասել, որ վերադառնում եմ սպորտ: Աստիճանաբար սկսում եմ մարզվել եւ առաջիկայում կմասնակցեմ մրցումների: Կշարունակեմ մարզական կարիերաս: Աշնանը հանդես կգամ Գրան պրի մրցաշարերում, որպեսզի նվաճեմ Բարսելոնայում կայանալիք Գրան պրիի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Այս տարի Մոսկվայում հանդես չեմ գա: Հաջորդ տարի կմասնակցեմ բոլոր ընտրական փուլերին, որպեսզի ընդգրկվեմ հավաքականում: Հիմնական նպատակը 2018թ. Օլիմպիական խաղերին պատրաստվելն է»,- Պլյուշչենկոյի խոսքը մեջբերում է tass-ը:

Հիշեցնենք, որ Պլյուշչենկոն 2006թ. մենասահքի օլիմպիական չեմպիոն է, 2014թ. թիմային օլիմպիական չեմպիոն: Սոչիի Օլիմպիական խաղերում ողնաշարի վնասվածք ստանալու պատճառով ռուս մարզիկը չկարողացավ թիմային մրցաշարից հետո մասնակցել մենասահքին: 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունի Հարավային Կորեայի Փյոնչան քաղաքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում