00:35  ,  15 ապրիլի, 2015

Չեմպիոների լիգա. «Աթլետիկոն» տանը գոլ բաց չթողեց նաեւ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Արքայական ակումբն ավելի լավ սկսեց խաղը եւ արդեն երրորդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն ուելսցի Գարեթ Բեյլը, մեն-մենակ դուրս գալով դաշտի տերերի սլովենացի դարպասապահ Յան Օբլակի դեմ, չկարողացավ բացել հաշիվը: Սկզբնամասում «Ռեալն» ուներ նկատելի առավելություն, իսկ «Աթլետիկոն» շատ քիչ էր գրոհում: Առաջին խաղակեսում Կարլո Անչելոտիի թիմն ունեցավ եւս մի քանի գոլային պահեր, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում «Աթլետիկոն» փոքր ինչ ակտիվացավ, սակայն հյուրերի դարպասի մոտ երկար ժամանակ ճնշում չկար: Գոլ խփելուն ավելի մոտ էր «Ռեալը», որն այդպես էլ չկարողացավ խաղային առավելությունը վերածել գոլի: Վերջնամասում Իսպանիայի չեմպիոնը սկսել էր շատ ավելի վտանգավոր գործել եւ կարող էր հաղթանակ կորզել, բայց դարպասի գրավումներ չարձանագրվեցին: 

«Աթլետիկոն» շարունակում է Չեմպիոնների լիգայի տնային խաղերում «չոր» խաղերի շարքը: Նախորդ անգամ մադրիդցիներն այս մրցաշարում տանը գոլ բաց թողել են նախորդ մրցաշրջանում՝ իտալական «Միլանի» դեմ 1/8 եզրափակիչի հաղթական խաղում (4:1): 

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 22-ին «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:0

«Աթլետիկո».  Յան Օբլակ, Խուանֆրան, Միրանդա, Դիեգո Գոդին, Գիլյերմե Սիկեյրա, Մարիո Սուարես, Գաբի, Կոկե (Ֆերնանդո Տորես, 83), Արդա Թուրան, Անտուան Գրիզման (Ռաուլ Գարսիա, 77), Մարիո Մանջուկիչ:

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ (Ալվարո Արբելոա, 83), Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Խամես Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Իսկո, 76):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում