16:11  ,  9 հունիսի, 2012

Եվրո-2012. Գերմանիա - Պորտուգալիա. անոնս

Եվրո-2012-ի երկրորդ օրը տեղի կունենա ոչ միայն B խմբի, այլ նաեւ խմբային մրցաշարի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը` Գերմանիա - Պորտուգալիա:
 
Այս հանդիպումը մեծ ուշադրություն է գրավում: Երկու թիմերն էլ մեծ նպատակներ են դրել, եւ միավորների ցանկացած կորուստ անհաջողություն կհամարվի: Պատմության ընթացքում այս թիմերը հանդիպել են 8 անգամ։ 4-ում հաղթանակ են տարել գերմանացիները, 3 անգամ արձանագրվել է ոչ-ոքի եւ միայն մեկ անգամ են պորտուգալացիները հաղթել: Բայց հենց այդ հաղթանակը ամենահիշարժաններից մեկն է, քանի որ Պորտուգալիան այն տարավ Եվրո-2000-ում`3-0  հաշվով: Սա, ի դեպ, միակ խոշոր հաշիվն է այս թիմերի միջեւ կայացած հանդիպումներում: Նախորդ անգամ թիմերը հանդիպել են չորս տարի առաջ` Եվրո-2008-ի քառորդ եզրափակիչում, որտեղ գերմանացիները հաղթեցին 3-2 հաշվով:

Պորտուգալիա

«Կրիշտիանու Ռոնալդուի անվան» թիմի ճանապարհը դեպի Եվրո-2012 այնքան էլ հարթ չընթացավ: Խմբում նրանք գրավեցին 2-րդ տեղը` վճռական խաղում պարտվելով դանիացիներին: 
Հանդիպմանը պորտուգալացիների դարպասը կպաշտպանի Ռույ Պատրիսիուն: Պաշտպանության աջ եզրում կգործի Լոպեշը, իսկ ձախից` Կոենտրաուն: Կենտրոնում աշտպանական գոտին կկազմի Պեպե - Ալվեշ զույգը: Դաշտի միջին հատվածում հավանական Վելոզու - Մոուտինյո - Մեյրեյլեշ եռյակը: Առջեւում եզրերից կգործեն հավաքականի երկու գլխավոր աստղերը` Նանին եւ Ռոնալդուն, իսկ կենտրոնում` Ալմեյդան:

Բավականին բարդ է լինելու պորտուգալացիների մարզիչ Բենտուի խնդիրը` հնարավորինս կանոնավորել թիմային խաղը, նվազեցնել կախումը Ռոնալդուից: Գերմանացիների հետ խաղում հույսը դնել միայն Ռոնալդուի անհատական վարպետության վրա չի կարելի: Ընկերական վերջին խաղում պորտուգալացիները սեփական հարկի տակ բոլոր առումներով պարտվեցին թուրքերին (որին, ի դեպ, գերմանացիներրը ընտրական մրցաշարում երկու անգամ հաղթել էին)` 1։3, հատկապես պաշտպանությունում թույլ տալով բազմաթիվ սխալներ:

Գերմանացիների հետ նման խաղով դրական արդյունքի հասնելը անհնար է: Պորտուգալացիներին բավական դժվարությամբ է հաջողվում նորմալ, թիմային խաղ ցուցադրել:

Գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուի խոսքը խաղից առաջ. «Գերմանիան հզոր թիմ է, բայց մենք խաղալու ենք հաղթանակի համար: Գերմանացիները խաղի ֆավորիտն են, որովհետեւ նրանք ունեն մեծ պատմություն եւ փայլուն անցկացրեցին ընտրական մրցաշարը: Սակայն մենք ունակ ենք նրանց դիմակայել: Մեզ ձեռնտու չի լինի ոչ-ոքին, դա չնչին արդյունք է»:

Գերմանիա

Գերմանացիները գերազանց անցկացրեցին ընտրական մրցաշարը` 10 խաղում 10 հաղթանակ, 34 գոլ: Հավաքականի գլխավոր մարզիչ Լյովը տարեցտարի շարունակում է թիմի խաղը ուժեղացնել` չվարանելով ընդգրկել երիտասարդներ տաղանդներին, որոնք լիովին արդարացնում են մարզչի վստահությունը:
Թիմի առանցքային խաղացողների գերակշիռ մասը գտնվում է ուժերի ծաղկման շրջանում:

Կազմի առումով Լյովը ընտրության մեծ հնարավորություն ունի: Դարպասապահը կլինի Նոյերը: Փոքր-ինչ հարցականի տակ է պաշտպան Մերտեզակերի մասնակցությունը հանդիպմանը, քանի որ նա դեռ լիովին ապաքինված չէ վնասվածքներից: Աջից կխաղա Լամը, որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում արդեն անհատապես խաղացել է Ռոնալդուի դեմ, ձախից` Բոատենգը: Կենտրոնում կգործեն Հումելսն ու Բադշտուբերը: Հենակետային գոտում կգործի Հեդիրա - Շվայնշտայգեր հզոր տանդեմը, կիսապաշտպանության առջեւում շատ բարդ է կանխատեսել, թե ովքեր կընդգկվեն մեկնարկային կազմում: Այստեղ կա եւ Պոդոլսկին, եւ Մյուլլերը, եւ Օզիլը: Դեռ չհաշված Գյետցեին, Կրոսին, Ռոյսին: Իսկ հարձակման գծում ավելի հավանական է Մարիո Գոմեսի ներկայությունը:

Գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի խոսքը խաղից առաջ. «Թիմում վնասվածքներ չկան: Եթե նկատել եք, մեր թիմում հավաքված են ֆուտբոլիստներ, որոնք հաճույք են ստանում մարզումներից եւ խաղերից, նրանք կարգապահ են եւ ամբիցիոզ: Նրանք ցանկանում են րոպե առաջ խաղադաշտ մտնել»:

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:
«Լվով Արենա» ստադիոն
Մրցավար` Ստեֆան Լանուա (Ֆրանսիա)

Հավանական կազմ
Գերմանիա. Նոյեր, Հումելս, Բադշտուբեր, Լամ, Բոատենգ, Հեդիրա, Շվայնշտայգեր, Պոդոլսկի, Մյուլլեր, Օզիլ, Գոմես

Պորտուգալիա. Պատրիսիու, Լոպեշ, Կոենտրաու, Պեպե, Ալվեշ, Վելոզու, Մեյրեյլեշ, Մոուտինյո, Նանի, Ռոնալդու, Ալմեյդա:

Բուքմեքերների կանխատեսումը. Միջինացված գործակից
Գերմանիայի հաղթանակ՝ 1,89, ոչ ոքի՝ 3,60, Պորտուգալիայի հաղթանակ՝ 4,55


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով