Այժմ մեզ մոտ լարվածություն կա, քանի որ ալբանացիների դեմ խաղը վճռորոշ է: Այս մասին Հայաստանի ազգային հավաքականի մարզումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հունական «Կերկիրայի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ով խոսեց ալբանացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի մասին:
«Այսօր Ալբանիայի հավաքականը լուրջ մրցակից է բոլորի համար, սակայն դա մեզ համար մեծ դերակատարում չունի, քանի որ պետք է հաղթենք ցանկացած թիմի: Ալբանացիները չունեն թույլ կողմեր: Նրանց գրեթե բոլոր օղակները հավասարազոր են: Ալբանացիները շատ լավ են պաշտպանվում եւ անցկացնում են հիանալի հակագրոհներ: Այս ընտրական փուլում Ալբանիան նման է Հայաստանի հավաքականին, իսկ մեզ արդեն շատ ավելի լուրջ են վերաբերվում, քան տարիներ առաջ:
Ես ժամանակից շուտ միացա հավաքականին, քանի որ «Կերկիրայի» կազմում չէի մասնակցելու «Օլիմպիակոսի» դեմ խաղին: Այժմ լարվածություն կա, քանի որ ալբանացիների դեմ խաղը վճռորոշ է: Մեր անհաջող ելույթներում մեղավոր են բոլորը: Ընտրական փուլում մեր շանսերը նորմալ եմ գնահատում: Այժմ պետք է մտածենք միայն այս խաղի մասին:
Գաել Անդոնյանից առաջին տպավորությունները լավն են: Մարզումներից զգացվեց, որ նա ունի լավ որակներ: Ինչ վերաբերում է ինձ, ապա այժմ շատ լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ խաղին»,- ասաց Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Ալբանիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Էլբասան քաղաքում: Հայաստանի հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին:
Դավիթ Եղիազարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում