10:39  ,  13 հունվարի, 2015

Ռոնալդու. Այժմ կարելի է մտածել Մեսիին հասնելու մասին

Ցանկանում եմ դառնալ ֆուտբոլի պատմության ամենամեծագույն խաղացողներից մեկը, ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարակել են իմ օգտին: 2014-ը պարզապես աներեւակայելի տարի էր: Կշարունակեմ աշխատել, ինչն արել եմ մինչեւ օրս: Կփորձեմ ամեն օր դառնալ ավելի լավը: Երբեք չէի մտածի, որ երեք անգամ կարժանանամ «Ոսկե գնդակին»: Հիմա կարելի է մտածել Մեսիին հասնելու մասին:

Հիանալի է, երբ աշխատանքդ գնահատվում է: Այս տարի մրցանակը ստանալիս լաց չեղա, սակայն ունեի նույն էմոցիաները: Հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ ներկա էի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը: Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Ցյուրիխ, ունենում եմ հիանալի զգացողություններ: Ուրախ եմ, որ տղաս արդեն հասկանում է, թե ինչ է տեղի ունենում եւ գիտի, թե ինչու ենք եկել այստեղ:

Միշել Պլատինիի հետ կոնֆլիկտ չունենք: Նա ունի իր կարծիքը, որը ես հարգում եմ: Ամեն դեպքում, «Ոսկե գնդակն» ինձ մոտ է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 29-ամյա Ռոնալդուն ֆրանսիացի Միշել Պլատինիի ու հոլանդացիներ Յոհան Կրոյֆի ու Մարկո վան Բաստենի պես երրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»: Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այդ մրցանակը ստացել է 4 անգամ՝ սահմանելով ռեկորդ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում