13:52  ,  22 նոյեմբերի, 2014

Պադերբորնում սպասում են ճգնաժամային դորտմունդցիներին

Բունդեսլիգայի 12-րդ տուրում առաջին անգամ ազգային առաջնությունում հանդես եկող պադերբորնցիներն կմրցեն ընդդեմ Գերմանիայի փոխչեմպիոն, այժմ ճգնաժամում հայտնված դորտմունդցիների:

«Բորուսիա» Դորտմունդ

Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր Դորտմունդի «Բորուսիան» այժմ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի ընդամենը 15-րդ տեղում է: Նախորդ 11-րդ տուրում նրանց վերջապես հաջողվեց կոտրել 7 անընդմեջ պարտությունների շղթան: Սակայն դժվար է ասել` ինչպիսին կլիներ վերջնարդյունքը, եթե չլիներ Կրամերի ինքնագոլը:

Դորտմունդի «Բորուսիան» այժմ կանգնած է բավական վտանգավոր գծի վրա: Բացի այդ, այսօրվա խաղին մեկնարկային կազմում չեն կարողանա հանդես գալ թիմի առաջատար խաղացողներից Հումելսն ու Սոկրատիսը` վնասվածքների պատճառով:

Յուրգեն Կլոպի համար էլ բավական բարդ է դիմանալ մշտական քննադատությանն ու ճնշմանը, սակայն գուցե դեռ շուտ է քննադատել, եւ փորձառու մարզիչը կկարողանա հանել իր թիմին ներկայիս ճգնաժամից:

«Պադերբորն»

Բունդեսլիգայում առաջին անգամ հանդես եկող «Պադերբորնը» 15 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է՝ բավական լավ արդյունք նորեկի համար:

Բարդ խաղ է սպասվում երկու կողմի համար էլ, հատկապես, եթե հաշվի առնենք պադերբորնցիների հիանալի մեկնարկը մրցաշրջանում՝ չորս հաղթանակ: Սակայն 5-րդ տուրում` մյունխենցիներից կրած պարտությունից հետո, նրանց հաջողությունների շարքն ընդհատվել է:

Չնայած Դորտմունդի «Բորուսիայի» ներկայիս ճգնաժամի, պադերբորնցիների մարզիչը կարծում է, որ նոյեմբերի 22-ի խաղը ցույց կտա երկու թիմերի իրական որակները:

Անդրե Բրայթենռայթերը վստահ է իր թիմի կարողությունների վրա եւ հարցազրույցում ասել է. «Ինչ խոսք, եթե դորտմունդցիները խաղան իրենց համապատասխան, հաղթանակի մասին խոսք անգամ չի կարող լինել: Սակայն, եթե նրանք տան մեզ հնարավորությունը, մենք կօգտագործենք այն»:

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիանում է «Պադերբորնի»  ընտրած մարտավարությամբ եւ նմանություն է տեսնում իր եւ մրցակցի միջեւ.

«Կարծում եմ` նրանք ապացուցում են, որ նպատակասլացությունը եւ ապագայի վերաբերյալ հստակ պատկերացումները հաջողության բանալիներն են: Նրանք գտել են իրենց ֆուտբոլային բանաձեւը` հաջողությամբ համադրելով ճիշտ մարտավարությունն ու տեմպը:  Նրանց թիմում կա այն ամենն, ինչ ես այդքան գնահատում եմ մեզ մոտ»:

Յուրգեն Կլոպը նաեւ հայտնել է, որ Մարկո Ռոյսն արդեն ապաքինվել է վնասվածքից եւ կկարողանա խաղալ:

Հավանական մեկնարկային կազմերը

«Պադերբորն». Կրուզե – Հայնլոթ, Շտրոդիկ, Հյունեմայեր, Բրյուկներ – Ցիգլեր, Կոչ, Բակալոժ, Վրանչիչ, Շտոպելկամպ- Կաչունգա:

«Բորուսիա». Վայդենֆելեր - Պիշչեկ, Սուբոտիչ, Գինտեր, Դուրմ - Բենդեր, Կել -Մխիթարյան, Կագավա, Ռոյս – Օբամայանգ:

«Պադերբորն» - «Բարուսիա Դ.» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Բուքմեյքերները հյուրերի հաղթանակի հավանականությունը գնահատում են 1.40 գործակցով: Ոչ ոքին 4.75 է, իսկ «Պադերբորնի» հաղթանակի գործակիցը 7.00 է:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում