23:18  ,  11 նոյեմբերի, 2014

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի փակումը. NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը՝ Մոսկվայից

Մոսկվայում կայացավ Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» մրցաշարի պարգեւատրությունն ու փակման արարողությունը: Թեեւ 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւին, սակայն դա նրան չօգնեց մրցաշարում զբաղեցնել երրորդ տեղը: Նա վաստակեց 4 միավոր եւ իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ կիսեց 3-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ տեղը:

5.5 միավորով առաջին տեղը գրավեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ով արժանացավ 25 հազար եվրոյի եւ հատուկ մրցանակի, որի հեղինակն է հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը: Ռուս գրոսմայստերը իր հաղթանակը նվիրեց դստերը:

Երկրորդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ հայտարարեց, որ սա իր մասնակցած մրցաշարերի մեջ լավագույններից մեկն էր՝ կազմակերպչական տեսանկյունից:

Իսկ երրորդ տեղը զբաղեցրած իսրայելցի Բորիս Գելֆանդը, հպարտությամբ նշեց, որ Տիգրան Պետրոսյանի հիշատակը շատ վառ է մնում նաեւ իրենց երկրում:

Պարգեւատրությանը ներկա էին ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը, ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը, Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարին մասնակցում էին Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիեւը (բոլորը՝ Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Դինգ Լիրենը (Չինաստան): 

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով